a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գերմանիայում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

Armenian_days_Germany

1998 թվականից ի վեր` «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի, կրթության նախարարության միջև գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հե­տա­գա համագործակցության մասին» պարբերաբար ստորագրվող եռակողմ փոխըմբռնման hուշագրերի շրջանակներում ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ ակտիվ համագործակցություն է իրականացվում:

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ` օգոստոսի 19-ից նոյեմբերի 6-ը կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, Մշակույթի օրերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 19-ին, Բեռլինի Եվրոպական մշակույթների թանգարանում, որի ընթացքում ողջյունի խոսքով հանդես կգան Բեռլինի պետական թանգարանների գլխավոր տնօրեն Միխայիլ Այզենհաուերը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Եվրոպական մշակույթների թանգարանի տնօրեն Էլիզաբեթ Թիթմայերը: Բացման պաշտոնական արարողությանը կհաջորդի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խմբի ելույթը:

Մշակույթի օրերի շրջանակներում նախատեսվում է Էրոլ Գուրյանի «Տերա ԱՐՄԵՆԻԱ. հայացք դեպի երազանքների վայրեր» խորագրով ցուցահանդեսը, փարաջանովյան երեկո` նվիրված Ս. Փարաջանովի կյանքին և գործունեությանը: Միջոցառման ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զ. Սարգսյանը, կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը: Մշակույթի օրերի հիմնական միջոցառումներից է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` Տ. Հեքեքյան) համերգը, որը կկայանա Բեռլինի ֆիլհարմոնիկ սրահում և կնվիրվի Հայաստանի անկախության 25-ամյակին:

Մշակույթի օրերի ծրագրին իրենց մասնակցությունն են բերում գիտնականներ, մշակույթի գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Գերմանացի անվանի մշակութաբանների և արվեստագետների կողմից կներկայացվեն Հայաստանին և նրա բնաշխարհին, հայ եկեղեցու պատմությանը, հայ գրականությանն ու գրատպությանը նվիրված թեմատիկ դասախոսություններ, քննարկումներ, վիրտուալ ցուցադրություններ, գրական ընթերցումներ, ինչպես նաև կլոր սեղան՝ «Հայրենիք–ինքնություն–զգացմունքներ» թեմայով: Մշակույթի օրերի ընթացքում ներկաներին կմատուցվեն հայկական տաք և սառը ուտեստներ: Ծրագիրը կեզրափակվի նոյեմբերի 4-ի համերգով, որին կմասնակցի երգահան Ստեփան Գանտրալյանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0