a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
27/10/2015

Հայերը ցեղասպան ջարդարարներից փրկել են նաև իրենց մշակույթը. Մատենադարանի տնօրեն

մատենադարանի տնօրեն

 

Tert.am-ը գրում է. Երևանում անցկացվող «Հիշողության կերպարանքները» միջազգային գիտաժողովը մի առիթ է հանրագումարի դնելու մեր նորագույն ձեռքբերումները ձեռագրերի պահպանման, վերանորոգման, թվայնացման, հսկա մշակութային ժառանգության ուսումնասիրման և վերաիմաստավորման համար:
«Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

«Միջազգային գիտաժողովների, համագործակցության շնորհիվ Մատենադարանը միջազգային հարթակում գնալով լայն ճանաչում է ձեռք բերում և ձգողականություն: Մատենադարանը մարդկային հիշողության շտեմարան է, համամարդկային մշակույթի կենտրոն»,- ասաց Մատենադարանի տնօրենը՝ հավելելով, որ Մատենադարանը բազմաթիվ պայմանագրեր է կնքել գործընկերների, եվրոպական, ԱՊՀ երկրների նշանավոր կենտրոնների հետ: Վերջերս պայմանագիր են կնքել նաև Կալիֆոռնիայի ազգային համալսարանի հետ, որտեղ մոտ 100 հայերեն ձեռագրեր են պահպանվում:
Հրաչյա Թամրազյանն ասաց նաև, որ Մատենադարանը փրկել, պահպանել, այսօր նաև հանրահռչակում է օտար մշակույթը. «Մեր ձեռագրական ֆոնդում քիչ չեն արաբատառ ձեռագրեր: Ցեղասպանության ընթացքում փրկել ենք ոչ միայն հայերեն, նաև օտար, արաբատառ ձեռագրեր, ղուրաններ, կրոնական գրքեր, անգամ օսմաներեն ձեռագրեր: Սա նշանակում է, որ ցեղասպան ջարդարարներից փրկել ենք նաև իրենց մշակույթը: Այստեղ է երևում հայ մարդու արժեհամակարգը»:
Մատենադարանի տնօրենի խորհրդական, գիտաժողովի գլխավոր համակարգող Արա Խզմալյանն էլ ասաց, որ անցած հինգ տարիների ընթացքում գիտաժողովը ձեռք է բերել լայն ճանաչում՝ համախմբելով գրավոր ժառանգության պահպանման ոլորտի բարձրակարգ մասնագետների (միջնադարագետներ, ձեռագրագետներ, վերականգնողներ, ֆոնդապահներ, թանգարանագետներ, արխիվագետներ, գրադարանավարներ)։
Նրա խոսքով՝ կատարված աշխատանքի արդյունքում է նաև 2014 թվականի դեկտեմբերին Մատենադարանին շնորհվել գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտում ԱՊՀ տարածքում բազային կազմակերպության կարգավիճակ։
«Գիտաժողովը բազային գործառույթների իրականացման լավագույն և հիմնական հարթակն է»,-ասաց Արա Խզմալյանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0