a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/12/2015

«Հայերն ինձ ուժ են տալիս». Գայանե Բրեիովա-Աֆյան

գայանե

hayernaysor.am-ը գրում է.   Մոսկվան նվաճելու եմ եկել 1994 թվականին։ 19 տարեկան էի, մեկուկես տարեկան երեխան՝ գրկիս։ Ամեն ինչ այսպես էր սկսվել. Երեւանում ավարտել էի դպրոցը, ամուսնացել եւ տեղափոխվել Չեխոսլովակիա։ Ամուսինս նկարիչ էր, ստեղծագործում եւ ցուցադրվում էր այնտեղ։ Հետագայում բաժանվեցինք, եւ ես հայտնվեցի Մոսկվայում։ Եկա այստեղ, քանի որ ներքուստ պատրաստ չէի Երեւան գնալ։

Երեւանում չես կարող բարեկամիդ կամ ծանոթիդ ասել. «Դա քեզ չի վերաբերում։ Լռիր եւ ավելորդ հարցեր մի տուր»։

Այժմ հասկանում եմ, որ լուրջ եւ ռիսկային քայլ էր, բայց այն ժամանակ երիտասարդ էի եւ անվախ։ Իմանալով, որ Ռուսաստան եմ տեղափոխվում՝ մայրս ստիպված էր թողնել հիանալի աշխատանքը, եղբորս հանել դպրոցից եւ տեղափոխվել ինձ մոտ։ Այդպես մեր ընտանիքը հայտնվեց Ռուսաստանում՝ չունենալով քաղաքացիություն, փող եւ բարեկամներ։

Շատ էի ուզում բարձրագույն կրթություն ստանալ, բայց հասկանում էի, որ անհրաժեշտ է ապրուստի միջոց վաստակել։ Մի օր մայրիկիս հետ զբոսնում էինք քաղաքում եւ նկատեցինք «Словацкий дом»-ը (Սլովակյան տուն), որը ներառում էր հյուրանոցային համալիր եւ ռեստորան։ Մայրս մնաց փողոցում, իսկ ես որոշեցի ներս մտնել։ Այնտեղ անվտանգության աշխատակից կար։ Նրա հետ խոսեցի սլովակերեն, բայց նա ոչինչ չհասկացավ, քանի որ ռուս էր։ Աղաչում էի նրան, որ թույլ տա ինձ ներս մտնել, բայց նա երկար ժամանակ մերժում էր։ Բացատրում էր, որ մուտքը բաց է միայն դիվանագիտական կորպուսի, Չեխիայի ու Սլովակիայի ներկայացուցիչների համար։ Արդյունքում ինձ թույլ տվեց մոտենալ ընդունարանին։ Այնտեղ սլովակ աշխատակցուհին զարմացավ, որ ազատ տիրապետում եմ լեզվին, եւ հաջորդ օրը հանդիպում նշանակեց տնօրենի հետ։

Դա իմ առաջին հարցազրույցն էր Մոսկվայում։ Ոգեւորված էի ու չէի հասկանում, որ պետք է համեստ հագնվել։ Հագել էի ամենակարճ կիսաշրջազտեստը, շպարվել եւ էմոցիաներով լի ուղեւորվել «Словацкий дом»։ Հանդիպման ժամանակ սլովակերեն ասացի տնօրենին, որ պատրաստ եմ ամեն ինչի։ Իսկ նա նայեց ինձ եւ բացականչեց. «Աստված իմ, որտե՞ղ էիր մինչեւ հիմա։ Ես քեզ աշխատանքի կվերցնեմ, անգամ եթե ամբողջ դեսպանատունն ու Արտաքին գործերի նախարարությունը դեմ լինեն։ Էական չէ՝ ունե՞ս քաղաքացիություն, թե՝ ոչ։ Վաղվանից աշխատանքի ես»։ Այդպիսով՝ Մոսկվա ժամանելուց հետո երկու շաբաթ էլ չէր անցել, իսկ ես արդեն որպես մատուցողուհի աշխատանքի էի անցել «Словацкий дом»-ում։ Անչափ երջանիկ էի։

Ռեստորանային բիզնեսը համահունչ է իմ էությանը։ Այն ինձ միանգամից դուր եկավ։ Դա բնական միջավայր էր ինձ համար, քանի որ 10 տարեկանից սկսած շատ եմ պատրաստել։ Հիանալի ռեցեպտորներ ունեմ եւ հպարտանում էի դրանով։ Տորթեր էի թխում, տեսակ-տեսակ աղանդեր, աներեւակայելի համեղ տոլմա պատրաստում։ Քանի որ ամեն ինչ լավ էր ստացվում, մայրս այդ կարեւոր առաքելությունն ինձ էր հանձնարարել։ Ամենից բացի, ես մեծացել եմ սեփական տանը՝ հսկայական բակ եւ տուն ունեինք։ Սեղանը միշտ գցված էր։ Ապրում էինք քեռուս ընտանիքի հետ։ Հինգ երեխա էինք։ Շատ լավ հիշում եմ, թե ինչպես էինք անընդհատ սեղան գցում, հյուրերի սպասում։

Իրական հյուրասիրությունը դեռ մանկուց էր ինձ համար բնական։

Մոսկվայում չկարողացա թատերական բուհ ընդունվել եւ սովորական ուսանող լինել, քանի որ ինձ անհրաժեշտ էր գտնել երեկոյան դասընթացներ ու համատեղել դրանք աշխատանքի հետ։ 17 տարեկանից սովոր եմ եղել, որ չեմ կարող միայն իմ մասին մտածել։ Թեեւ մայրս կողքիս էր եւ օգնում էր ինձ, ես երեխա ունեի եւ պետք է ավելի պատասխանատվությամբ վերաբերվեի կյանքին։

Բարեկամներն ամաչում էին իմ աշխատանքից, նախատում մայրիկիս, որ ես մատուցողուհի եմ աշխատում, եւ ստիպված էի փոխել աշխատանքս։ Երկու տարի աշխատեցի Մոսկվայի կենտրոնական ֆոնդային բորսայում որպես բրոքեր. պարտամուրհակներ ու պարտատոմսեր էի վաճառում։ Այդ աշխատանքն ինձ նույնպես դուր էր գալիս, քանի որ զգացմունքային էր։ Բայց նման գործունեության հիմնական թերությունը գրասենյակային աշխատանքն է։ Ստիպված էի աշխատել փաստաթղթերի հետ, մինչդեռ ողջ հոգով ատում եմ դրանք։ 1998թ. դեֆոլտից եւ բորսայի փակվելուց հետո հիշեցի, թե ինչն էր ինձ երջանիկ դարձնում՝ աշխատանքը ռեստորանում։ Որպես մենեջեր աշխատանքի անցա հայկական «Նոյան տապանում»։ Այդ ժամանակ արդեն հասցրել էի ինստիտուտ ավարտել ու դիպլոմ ստանալ։ Ինձ համար ակնհայտ էր, որ այլեւս այդ բիզնեսը չեմ լքի։

2001 թվականն էր, ես ու չեխ ամուսինս մի տարածք գտանք Սամոտյոչնայա փողոցի վրա, 33 տոկոսի չափով ներդրում կատարեցինք նախնական կապիտալում։ Մնացած գումարը տվեցին եւս երկու գործընկերներ։ Իմ սեփական առաջին նախագիծը կոչվում էր «На лестнице» (Աստիճանի վրա)։ Այն տարբերվում էր բոլորից։

Միշտ բարդացրել եմ կյանքս, որ զարգանամ։ Եթե երաժշտությունից չէի հասկանում, ապա այցելում էի տարբեր բարեր ու ակումբներ, զանազան դիջեյների լսում։ Իրավիճակը նույնն էր կոկտեյլների դեպքում, որոնք ինձ առանձնապես դուր չեն գալիս։ Ստիպված էի տարբեր տեղեր գնալ եւ ուսումնասիրել բարային մշակույթը՝ հետագայում նոր գիտելիքները սեփական ռեստորանում պատվով կիրառելու նպատակով։ 2014թ. փակեցի «На лестнице» ռեստորանը եւ փոխարենը բացեցի «Панаехали» բար-սրճարանը:

«Gayane’s» ռեստորանին հատուկ թրթիռով եմ վերաբերվում, քանի որ այն հայկական է։ Մեծ ռիսկ էր պետք ռեստորանային բիզնեսում 15 տարի աշխատելուց հետո նախագիծը սեփական անունով կոչելու խիզախության համար։ Հինգ տարի առաջ բացեցի այդ ռեստորանը, որի խորհրդանիշի հիմքում իմ ընտանիքի տոհմածառն է։ Նախկինում այդտեղ հնաոճ իրերի խանութ էր. տիրուհուց վարձակալեցի տարածքը, քանդեցի ամեն ինչ եւ ռեստորան կառուցեցի։

Երբ սկսում էի այդ նախագիծը, հայկական խոհանոցն, ի տարբերություն վրացականի, ներկայացված չէր Մոսկվայում: Բոլորը վախենում էին իրերն իրենց անունով կոչել: Ավելի հեշտ ճանապարհ էին ընտրում` ասում էին, որ խոհանոցը կովկասյան է: Ես, ուր էլ լինեմ, միշտ փորձում եմ առաջ մղել հայկական խոհանոցը, կերակուր պատրաստելու հայկական եղանակը:

Այդ ջանքերի, բաց ու պատրաստ՝ վիճելու, սեփական հյուրերին լսելու, խոհանոցը ներկայացնելու եւ ազգային ավանդույթների նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու շնորհիվ, հայկական խոհանոցն աստիճանաբար դառնում է հաջողված, հետաքրքիր եւ մոդայիկ:

Հայ լինել՝ նշանակում է ճկունություն ունենալ:

Ավելին՝ hayernaysor.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0