a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական կողմը նախաձեռնել է Կապույտ մզկիթը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթաց

mzkit (5)

Երևանի Կապույտ մզկիթն ինը մահմեդական հոգևոր կառույցներից միակն էր, որ պահպանվեց խորհրդային տարիներին: Խորհրդային կարգերի օրոք, երբ Հայաստանում ավերվում էին բոլոր պարսկական կառույցները, արմատներով պարսկահայ Եղիշե Չարենցին հաջողվեց փրկել այսօրվա միակ մզկիթը. մեծ բանաստեղծն առաջարկեց այն դարձնել թանգարան, և երկար տարիներ մզկիթը գործում էր որպես Երևանի թանգարան: Կարելի է ասել՝ Չարենցի շնորհիվ է, որ այսօր Հայաստանում ապրող մի քանի հազար պարսիկներն աղոթատեղի ունեն Երևանում: Հայաստանի անկախացումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը դիմում է ՀՀ-ին, երկու երկրների միջև պայմանագիր է ստորագրվում, որով մզկիթը՝ որպես աղոթավայր, հանձնվում է Իրանին, նաև վերանորոգվում է:

Մաշտոցի պողոտայում գտնվող այս գույնզգույն, յուրահատուկ ճարտարապետությամբ շինությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում նաև տեղացիների և զբոսաշրջիկների մոտ: Այն համարվում է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների խորհրդանիշը: Հոլտեմբերի 15-ին  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը միջոցառում անցկացրեցին` նվիրված Երևանի կապույտ մզկիթի հիմնադրման 250-ամյակին (մզկիթը հիմնադրվել է 1764-65թթ. Երևանի կիսանկախ սարդար Հուսեյնալի Խան Իրավանիի կողմից), որին մասնակցեց նաև պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հայկական կողմը վաղուց արդեն որոշում է կայացրել Կապույտ մզկիթը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցելու մասին. «Մենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստել ենք, բայց կան մասնագիտական հարցեր, որոնց համար մեզ անպայման պետք է իրանական կողմի մասնակցությունը: Փորձագետների աշխատանքից հետո, որոնք իրանական կողմի պնդմամբ Հայաստան կժամանեն երկու շաբաթից, փաթեթն ամբողջովին պատրաստ կլինի: Կարելի է ասել՝ ամենդաժվար փուլն անցել ենք, մասնագետները դեռ որոշ աշխատանք ունեն միասին կատարելու, որից հետո ամբողջովին պատրաստ փաստթաթղթերը կներկայացվեն համապատասխան ատյաններ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ բավականին երկարատև աշխատանքներ են ծավալել. «Մենք իհարկե ուզում ենք, որ գործընթացը հնարավորինս արագ առաջ գնա, բայց չեմ կարող ասել, թե դա ինչքան կտևի, քանի որ փաթեթը ներկայացնելուց հետո արդեն մեզանից կախված չի լինի դրա հետագա ընթացքը»:

Հ. Պողոսյանը նշեց, որ այս քայլով համապատասխան վերաբերմուք են ցույց տալիս իրանական կողմին Իրանի տարածքում գտնվող հայկական պատմամաշակութային ժառանգության հանդեպ դրսևորած վերաբերմունքի դիմաց. «Իրանն առաջին և միակ պետությունն է, որը հայկական պատմամշակութային ժառանգության օբյեկտները մտցրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկեր: Կարծում եմ, որ մենք էլ մեր կողմից պարտավոր ենք սա անել՝ մեր բարեկամ երկրին մեր վերաբերմունքը ցույց տալու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս տարի բավականին հարուստ էր երկու երկրների միջև մշակութային ոլորտում տեղի ունեցած իրադարձություններով. «Երկու ամիս առաջ Իրանի մշակույթի նախարարն էր այստեղ, իսկ այսօր այստեղ է Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կամզակերպության ղեկավարը, որի հետ քննարկեցինք պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներ, համատեղ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պայմանավորվածություն ձեռք բերեցինք: Այսօր իմ գործընկերը հանդիպում ունեցավ նաև զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ հնարավորություններ ստեղծելով նաև զբոսաշրջության զարգացման համար»:

Մշակութային ոլորտում երկու երկրները աշխատանքներ են ծավալում նաև այլ ուղղություններով՝ համատեղ արտադրության ֆիլմեր են ստեղծվում, այժմ հայերեն 10 գրքեր են թարգմանվում պարսկերեն և շուտով կտպագրվեն, ոչ նյութական մշակութային ժառանգության հայ մասնագետներն այս օրերին մասնագիտական ծրագրի շրջանակում գտնվում են Իրանում և այլն:

Բայց այս ամենի համատեքստում, ինչպես նշեց ՀՀ մշակույթի նախարարը, Կապույտ մզկիթը ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկ մտցնելն ամենակարևորն է. «Երբ խոսքը վերաբերում է մշակույթների և կրոնների երկխոսությանը, ՅՈւՆԵՍԿՕ-ն շատ ավելի հետևողական է լինում ի տարբերություն, օրինակ, ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերին, որոնց հետ կապված հակասությունները, վեճերը և բարդությունները շատ ավելի շատ են լինում»,- հավելեց նա:

 

Անի Ռափյան (Culture.AM)
  • mzkit (1)
  • mzkit (4)
  • mzkit (2)
  • mzkit (6)
  • mzkit (3)
  • mzkit (5)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0