
16/08/2016
|
Հովհ. Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումներ

Օգոստոսի 20-ին՝ ժամը 13:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Հիշողության ծիսակամուրջ» խորագրով գիտաժողով-ցուցահանդեսը՝ նվիրված ժողովրդական արվեստի պահպանման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նկարչի՝ Հովհ. Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին: Այս մասին հայտնում է կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Միջոցառման շրջանակներում կկայանաՀովհ. Շարամբեյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, արվեստագետի կյանքին և գործունեությանը նվիրված գիտաժողով՝ անվանի գիտնականների և արվեստագետների մասնակցությամբ, «Հրաշք Վանիկը» ֆիլմի դիտում, Հովհ. Շարամբեյանին նվիրված կայքի ներկայացում:
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանը (1926 – 1986) ծնվել է 1926 թվականի օգոստոսի 17–ին՝ Երևանում: Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում:
Բազմաթիվ կտավների հեղինակ է. «Կոմիտաս», «Դիլիջան», «Նվիրում խաչքարին», «Գյուղական բակ Լճաշենում», «ԽորՎիրապ», «Վանի կարպետ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Էջմիածնի հին տները» և այլն։ Եղել է «Անուշ»ֆիլմի (1983) գլխավոր նկարիչը։ Նրա ստեղծագործությունները պահպանվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
1947 թ. Դիլիջանում հիմնել է նկարչական ստուդիա: Եղել է Դիլիջանում գտնվող Կուլտուրայի և արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր, Դիլիջանի պատմամշակութային արգելոց-թանգարանի գլխավոր խորհրդատու: Ավելի քան 30 տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա:
1978 թ. հիմնադրել է Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը և մինչև 1986 թ. զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 1979թ. հիմնադրել է Դիլիջանի Ժողովրդական արվեստի թանգարանը: Վերոնշյալ թանգարաններն այժմ գտնվում են Հովհ.Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի կազմում: