a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Պետք լինի, կկռվենք, չենք թողնի՝ թշնամին ավիրի էսքան տարվա մեր պահպանված գյուղը». 15-ամյա խաչիկցին վստահ է` ուր էլ լինի, գյուղից չի կտրվելու

Xachik gyux (18)

Բարձրանում ենք ու բարձրանում… Մտքերով եմ՝ էս մարդիկ ինչքա՞ն հաճախ են էս ճամփան կտրում, բա չեն դժվարանո՞ւմ, բա ոլորաններից սրտխառնոց չի առաջանո՞ւմ, բայց… Ասենք՝ որքան քեզ համար է Արթիկ-Երևան մոտ երկուժամանոց ճամփան սովորական մի բան, այնպես էլ էս մարդիկ են ապրում, հետո ի՞նչ, որ քո բնակավայրի պես տեղանքը հարթ չէ, ի՞նչ կա զարմանալու, ի՜նչ էլ ասֆալտաբնակին վայել մտքեր են… Մինչ մեջս առնվազն մի քանի հոգի բանակռվում են, «սփրինտերը» կանգ է առնում գյուղամիջում:

«Հասանք Խաչիկ, քիչ ժամանակ ունենք, անցնենք գործի»:

Հա, գործի ենք եկել, եկել ենք լրագրությամբ զբաղվելու, եկել ենք մի երկու ժամում հասկանալու, թե ինչպես են ապրում աշխարհից կտրված սահմանամերձ այս գյուղում… Առաջին տպավորությունը ոգևորող չէ. հին ու խարխուլ տներ, դատարկ փողոցներ, վա՜յ պապիկ…

– Բարև պապի ջան, Երևանից ենք եկել ձեզ հյուր՝ տեսնենք ոնց եք ապրում, ինչով կարող ենք օգտակար լինեն:

80-ամյա Աղաբաբ Աղաբաբյանն է, ծնված օրից Խաչիկում է ապրում, չի զարմանում մեր գալուստով (լրագրողների և պաշտոնյաների այցերը սովորական բան են դարձել), զրույցի ենք բռնվում, պատմում է, որ իրենց գյուղը երեք կողից ադրբեջանական գյուղերով է շրջապատված, մի ելք ունի դեպի ռայոն:

«Նախիջևանի կողմը հանգիստ է, բայց կրակոցներ լինում են, մանավանդ էս վերջերքը: Մեր նախնիներն էլ են էդպես ապրել՝ մի ձեռքով արորի մաժն են բռնել, մյուսով՝ հրացանը, որ կարողացել են գոյատևել»,- հպարտությամբ խոսում է Աղաբաբ պապին և ցավով անցնում արտագաղթի թեմային. «Մեր գյուղից նույնիսկ խորհրդային տարիներին գաղթ է եղել դեպի Արարտյան դաշտավայր, հիմա շատ քիչ մարդ է մնացել: Դե ի՞նչ անեն, ապրելու հնարավորությունները շատ չեն, օրինակ՝ ընդհանրապես ոռոգման ջուր չկա: Այս տարի, որ նայում էի դաշտերին, քեֆս գալիս էր՝ հացահատիկի ի՜նչ բերք էր եղել … բայց անձրև չեղավ, ջուր էլ չտվեցին, բերքը չորացավ, փչացավ, խեղճ ժողովուրդը մի կերպ բերքի չնչին մասը փրկեց»:

Աղաբաբ պապին երկար կյանք է ապրել, ամեն ինչի պատճառն էլ գիտի, գիտի, որ իրենց գյուղի բարձրությամբ բնակավայր պոմպով ջուր հասցնելը շատ թանկ հաճույք է, շատ է հոսանք ծախսում, դրա համար էլ քիչ են ջուր տալիս. «Լեռնային գյուղ է մեր գյուղը, մարդիկ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, բայց մայրաքաղաքից եկած մսավաճառներն էլ գալիս, մինչև Սիսիանի գյուղերը հասնում են, իսկ էս մեր 20 կիլոմետրը չեն բարձրանում, ի՞նչ անենք: Սերգո Կարապետյանից առաջ գյուղանտեսության նախարար ունեինք է, ժողովրդին կոչ էր անում, բա թե ոչխար պահեք, մարդիկ էլ պահեցին, բայց ոչ միսն է մթերվում, ոչ բուրդը, ոչ մի բան: Լավ է  գոնե որպես սամանամերձ գյուղի բնակիչներ որոշ առավելություններից օգտվում ենք՝ հողի հարկ չկա, ջրի վարձի էլ 50 տոկոսն ենք տալիս գոնե, խմելու ջուր ունենք՝ մեր սարերից եկող ջուրն է»,- ու էլի իրար հաջորդում են ոգևորությունն  ու հիասթափությունը. «Ով որ հնարավորություն, գնալու տեղ է ունեցել, արդեն գնացել է. հիմա մեր գյուղում 30-40 տնտեսություն կա, որ տանը միայն ծերերն են մնացել: 1926թ-ին գյուղում 72 երեխա է ծնվել, էս տարի՝ 3-ը: Էլ ի՞նչ ասեմ, եզրակացությունը թողնում եմ ձեզ: Էս գյուղը կարծես դարդ լինի, մենք այստեղ դարպասապահ ենք: Խորհրդային տարիներին, թեև ոչ ոք այդ պետությունը չի սիրում, բայց հարմար էինք ապրում՝ աշխատատեղ կար, սովխոզ կար, ամեն գյուղատնտեսական աշխատանք կար՝ այգեգործություն, պտղաբուծություն, անասնապահություն… Կարևորը` հացի խնդիր չկա, գյուղացին իր հացը կարողանում է ստեղծի՝ հաց, պանիր, միս, միրգ, իր տաքությունն էլ աթարով է ապահովում կամ էլ վառելափայտ է բերում Ղարաբաղի կողմից»:

Մինչ փորձում եմ լեզու գտնել Աղաբաբ պապիկի փոքրիկ թոռնիկի հետ, մի փոքր հեռվից աշխույժ խոսակցության ձայներ են հասնում: Երկու հարևան են. Սանասար Աբրահամյանը, ով «ԿամԱԶ» մակնիշի մեքենա ունի, ընկերոջ հետ քննարկում է, թե երբ է գնալու Արթիկից տուֆ բերի համագյուղացու տան կառուցման համար (Ա.Ռ. – էդքան ճամփեն ո՞նց էլ է կտրելու):

Ներկայանում եմ, զարմանքս եմ հայտնում՝ ի՞նչ տուֆի մասին է խոսքը, տներն այստեղ կարծես հողաշեն լինեն: Սանասար Աբրահամյանը կարծես թե վիրավորվում է. «Առաջին հայացքից մի՛ դատեք, սկզբում են քարաշեն տները: Որ նոր եք գյուղ մտնում, այո, անբարվոք վիճակ է, բայց բնական է, հին գյուղ է, ժամանակին բավականին մեծ է եղել»,- հպարտությամբ իր գյուղն է ներկայացնում, բայց հետո կարծես հիշում է. «Դե որ բարձր տեղում է գյուղը, սար տեղում, ժողովուրդը, հիմնականում՝ ջահելությունը, կամաց-կամաց գնում է: Դե գիտեք երևի կրակոցներ եղան, տներ ռմբակոծվեցին, բայց վերջին տարիներին հիմնականում խաղաղ է. սահմանի բերանին են մեկ-մեկ միջադպեր լինում, բայց Տավուշի նման լարված չէ վիճակը՝ կարող է դաշտում հովիվի կամ անասունի վրա կրակեն»:

Խաչիկցիք «սահմանի բերանին» շուրջ 400-500 հա հող ունեն, կրակոցներից չեն վախենում, մշակում են, բայց եղածի 50-60 տոկոսը, էն մնացածի մեծ մասն էլ խաղողի այգի է, ամեն գյուղացի 2-3 հազար մետր խաղողի այգի ունի, բայց մեծ մասը չի մշակում. «Խաղող շատ կա, բայց գյուղացին 2-3 տոննա խաղողն ի՞նչ անի, էլի օղի կսարքի, մի ուրիշ բան էլ, բայց դե ինչքա՞ն սարքի. գյուղացին որ շոշափելի գումար չստացավ իրա աշխատանքից, ինչի՞ն է պետք: Միշտ էլ լսում ենք՝ պաշտոնյաները խոստանում են, որ ոչ մի կլիլոգրամ խաղող չի մնա առանց մթերման, բայց էլ ո՞վ է հավատում: Առաջ «Գետափ» գինու գործարան ունեինք, համատարած տանում էր մեր գյուղի խաղողը՝ մի 30-40 տոննա կլիներ, բայց հիմա էդ բոլոր գործարաններն իրենց բաղերը գցեցի, էլ մեր աշխատանքն ո՞ւմ է պետք»,- դժգոհությամբ պատմում է Սանասար Աբրահամյանը, բայց և չի ուզում նաև լավը բաց թողնել. «Մի քանի տարի առաջ նախագահը եկավ մեր գյուղ, տեսավ, թե ինչ վիճակում ենք, տներն ինչ հին են, ասեց՝ դուք սկսեք տուն սարքել, ես էլ կօգնեմ: 4-րդ կարգի վթարային տներից սկսեցինք, ամեն տնտեսության ըստ շնչի փող տվեցին: Ես արդեն իմ տան պատերը սարքել եմ, տանիքը կապել եմ, բայց դեռ առաջ չեմ գնում: Արդեն երեք տարի է՝ էս ծրագիրը կա, սպասում ենք, որ շուտով 20 մլն դրամ էլ պիտի ուղարկեն, մի քանի հոգի էլ սկսի իր տունը սարքել: Կառավարությունից գումարը որ գալիս է, գյուղապետարանում ավագանու անդամներով հավաքվում ենք, քննարկում ենք՝ ով կկարողանա տուն սարքել, նրանց ենք տալիս, որ գումարները չփոշիանան»:

Զրուցակիս ու նրա հարևանը ոգևորված ցույց են տալիս հեռվում գրեթե չերևացող իրենց տները: Ուզում եմ, արևի լույսը հաղթահարելով, անպայման տեսնել տները, մի քանի լավ բան ասել մարդկանց: Մինչ փորձում եմ զանազանել՝ որ տունն ումն է, խաչիկցինք շարունակում են զրույցը:

«Մեր ջահելները հիմնականում պայմանագրային զինծառայող են աշխատում: Մենրոնցից շատ մարդ չի գնում խոպան. պատերազմի տարիներին ո՞վ իր գյուղն ու ընտանիքը կթողներ սահմանի բերան, կգնար, այդպես էլ չգնացինք, սովորել ենք: Գյուղում յոլա գնալ լինում է, գյուղացին սոված չի մնա, որ շատ լավ աշխատի, ասենք՝ մի քանի կով պահի, ուրիշ գործեր անի, երեխա էլ կարող է ուսման տալ, մանավանդ որ մերոնք սովորեցնելու հետ լավ են: Իմ աղջիկն էլ է քաղաքում սովորել, հիմա գյուղում դաս է տալիս, տղես էլ ծառայում է բանակում: Հիմա իմ տղեն բանակից կգա, կուզի էստեղ մնա, թող մնա, չի ուզի, ես խոչընդոտ չեմ հանդիսանա»,- մի տեսակ ինքն իրեն համոզելով ասում է խաչիկցին և, կարծես իրեն արդարացնելու համար, շարունակում է. «Գան գյուղ, ի՞նչ են անելու, բայց դե որ Երևան էլ մնան, ի՞նչ են անելու: Ես էլ եմ Երևանում սովորել, բայց եկել եմ, չէ՞. հիմա էլ, որ գնում եմ Երևան, չեմ կարողանում երկար մնալ»:

Գյուղի դպրոցը վերջին տարիներին է վերանորոգվել. խաչիկցիք ասում են՝ շատ լավ վիճակում է, բոլոր առարկաներից էլ ուսուցիչներ կան, հպարտանում են՝ «առաջադեմ դպրոց է» և հավելում «միշտ էլ այդիսինն է եղել», բայց… հիմա 100-ից քիչ երեխա կա: Դպրոցին կից էլ նախակրթարան է գործում, մանկապարտեզ չկա: Տեղացիները ոգևորած են, այս տարի ինն առաջին դասարանցի են ունեցել (նախորդ տարի երեքն են եղել, ավելի վաղ՝ երկուսը): Համագյուղացի ընկերները հիշում են՝ իրենց սովորելու տարիներին դպրոցում 400-ից ավել աշակերտ կար..

Սանասար Աբրահամյանի ընկերը հրավիրում է իրենց տուն, ասում է՝ եկեք տեսեք, չենք դժգոհում, լավ էլ ապրում ենք: Պարզվում է, մեր Աղաբաբ պապիկի ձեռքով կառուցած տունն է. տան տիկինը նոր է մահացել, հիմա տանն ապրում են պապիկը, նրա տղան, հարսը և երկու թոռները:

15-ամյա Աղավնի Աղաբաբյանը միշտ փորձում է իր կարողացածի չափով թեթևացնել ծնողների հոգսերը՝ դասերից հետո գոնե տնային գործերով է զբաղվում, որ մայրը շատ չչարչարվի, բայցև հասցնում է մասնակցել բոլոր խմբակներին, որոնք գործում են գյուղապետարանում, չնայած որ դրանք այնքան էլ շատ չեն: Մի քանի տարի է՝ Աղավնին պարի է գնում, վերջերս նոր սարկավագ է եկել գյուղ, երգչախումբ է բացել, որին ևս սիրով մասնակցում է. «Շատ լավն է մեր սարկավագը, որ եկավ տեսավ մարդկանց ելքն ու մուտքը եկեղեցի շատ պասիվ է, որոշեց երգչախումբ բացել, շաբաթ իրիկուններն ու կիրակի առավոտները գնում ենք: Շատ լավ մարդ է, իր գալն ահագին բան է փոխել: Առաջ երկրապահ կամավորականների խումբ էլ ունեինք, բայց այս տարվանից էլ չենք գնում. մեր ուսուցիչը մեծ մարդ է, տնային գործերի հետ չի հասցնում»,- ափսոսանքով պատմում է պատանի զրուցակիցս և շարունակում է խոսել դպրոցից. «Դպրոցը շատ լավն է, պառեր են քաշել, զորամասից ածուխ են տրամադրում, տաքացնում ենք, չենք մրսում: Իմ դասարանում 10 հոգի ենք՝  6 աղջիկ, 4 տղա, եղբայրս էլ այս տարի առաջին դասարան գնաց, սկզբում 9 հոգի էին, հետո մեկին էլ բերեցին. մեր գյուղի մարդու թոռ է, իրանք Երևանում են, բայց երեխային, չգիտեմ ինչու, բերել են այստեղ: Հիմա իրանք դարձել են 9 տղա, մեկ աղջիկ: 11-րդ դասրանում մի տղա, մի աղջիկ են սովորում»:

Աղավնին շատ է ուզում բարձրագույն կրթություն ստանալ՝ ոստիկանական ակադեմիա ընդունվել, բայց մտադիր չէ որևէ բան պարտադրել ծնողներին. «Եթե ծնողներս հասցնեն, կսովորեմ, բայց եթե ֆինանսական խնդիրներ լինեն, չգիտեմ… Մեր մոտից հիմնականում աղջիկներն են բարձրագույն ընդունվում, տղաները գնում են բանակ, հետո պայմանագրային են դառնում. սովորող տղաներ էլ կան, բայց հիմնականում իրենց մասնագիտությամբ չեն աշխատում: Ես էլ, որ ոստիկան դառնամ, երևի չեմ կարողանա էստեղ աշխատել, բայց ես միշտ, որ առիթ է լինում, ասում եմ, որ անպայման աշխատելու եմ. եթե այստեղ այդ հնարավորությունը չլինի, կգնամ Եղեգնաձոր: Մեր գյուղը շատ եմ սիրում. որ պարի խմբով գնում ենք ինչ-որ տեղ, հետ գալիս Արենիի գլխից մի տեսակ ընենց սառը օդ է փչում, հասկանում եմ՝ հայրենիքիս, գյուղիս օդն է: Չեմ ուզում գյուղից գնանք, բայց դե…»:

Ուզում եմ սոցիալական ցանցերի միջոցով հետագայում էլ շփում ապահովել պատանի խաչիկցու հետ, բայց պարզվում է համակարգիչ չունի, ասում է՝ որ տեսնում եմ ընտանիքիս վիճակը, մերոնց չարչարվելը, էլ ի՞նչ համակարգիչ: Հայրիկի ընկերը, երբ դիրքեր է բարձրանում, համակարգիչը թողնում է իրենց մոտ, բայց Աղավնին ոչ կապվածություն, ոչ էլ կախվածություն չունի համակարգչից ու ինտերնետից, ասում է՝ չի ձգում իրեն, սոցիալական ցանցերում էլ գրանցված չէ, հիմնականում լուրեր է կարդում, եղբայրն էլ խաղեր է խաղում:

Ճիշտ է, այստեղ թշնամին առանձնապես շատ չի անհանգստացնում բնակիչներին, բայց երբեմն կրակոցներն ակտիվանում են. «Ոնց էլ չլինի, վախ կա: Լավ է, յուրաքանչյուր իմ տարիքի երեխա էլ ասում է, որ պետք լինի, կկռվենք, չենք թողնի՝ թշնամին ավիրի էսքան տարվա մեր պահպանված գյուղը: Իմ ընկերներից մի երկու տղա կա, որ շատ են ոգևորված գյուղից գնալու նպատակով, չգիտեմ ինչու, բայց նաև կան տղաներ, որ էստեղ մնալու ձգտում ունեն: Չգիտեմ… Յուրաքանչյուրը հիմա մտածում է իր ապագայի մասին, էլ չի մտածում, որ գյուղը կդատարկվի, մյուս կողմից էլ գյուղում չկան պայմաններ, որ սովորես, հետո գաս, քո սովորած գործով աշխատես: Բայս ես հաստատ գիտեմ մի բան, որ, եթե անգամ հեռու էլ լինեմ, իմ գյուղից չեմ կարող կտրվել»:

Գնալու ժամանակն է: Աղաբաբյանները խառնվում են իրար՝ էդքան ճամփա եք եկել, մի բան ուտեիք, սուրճ խմեիք գոնե, բայց շտապում ենք. արդեն մթնում է: Իրենց թխած, շատ համեղ գաթան են հյուրասիրում, տանձ են լցնում պայուսակիս մեջ և գալիս են ճանապարհելու: Ճանապարհին թշնամու և մեր դիրքերն են ցույց տալիս, ես դժվարանում եմ տարբերակել, բայց իրենք լավ գիտեն: Կանայք են նստած, հետաքրքրությամբ նայում են մեզ, հարցնում եմ՝ ինչպե՞ս եք, կանանցից մեկը պատասխանում է՝ «որ խելք արեցի, էս գյուղ հարս եկա, էլ ո՞նց պիտի լինեմ», բայց հարևանները միանգամից կանխում են՝ «ախչի, մի բերանդ փակի հա, ձեր գյուղի՞ն էլ չեկավ մեր Խաչիկը»:

Խաչիկ գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ մարզկենտրոնից` Եղեգնաձորից 40 կիլոմետր դեպի արևմուտք, ծովի մակարդակից 1800-1900 մետր բարձրության վրա է` բարձր լեռնային գոտում, երեք կողմերից՝ հարավ-արևելյան, հարավային և արևմտյան, սահմանակից է Ադրբեջանի հանրապետությանը՝ Նախիջևանին (հայ-ադրբեջանական սահմանից 500 մ հեռավորության վրա է, 27 կմ ընդհանուր սահման ունի Նախիջևանի հետ):

 

Անի Ռափյան (Culture.AM)

  • Xachik gyux (4)
  • Xachik gyux (6)
  • Xachik gyux (5)
  • Xachik gyux (7)
  • Xachik gyux (8)
  • Xachik gyux (9)
  • Xachik gyux (10)
  • Xachik gyux (14)
  • Xachik gyux (13)
  • Xachik gyux (12)
  • Xachik gyux (11)
  • Xachik gyux (15)
  • Xachik gyux (16)
  • Xachik gyux (17)
  • Xachik gyux (18)
  • Xachik gyux (19)
  • Xachik gyux (20)
  • Xachik gyux (21)
  • Xachik gyux (25)
  • Xachik gyux (24)
  • Xachik gyux (23)
  • Xachik gyux (22)
  • Xachik gyux (26)
  • Xachik gyux (27)
  • Xachik gyux (28)
  • Xachik gyux (29)
  • Xachik gyux (30)
  • Xachik gyux
  • Xachik gyux (2)
  • Xachik gyux (3)
  • Xachik gyux (1)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0