
19/07/2016
|
Ռադիո Երազի միջոցով սիրիահայերն իրենց ձայնը հասանելի կդարձնեն ողջ աշխարհին

Հալեպում բացվել է 2011 թվականից ի վեր գործող Ռադիո Երազի գրասենյակը։ Ինչպես հայտնում է Հալեպի «Գանձասարը», գրասենյակը ստեղծվել է մի խումբ երիտասարդների տքնաջան աշխատանքի շնորհիվ և չնայած պատերազմական
իրավիճակին՝ սիրիահայերը իրենց ձայնը հասանելի կդարձնեն ողջ աշխարհին։
Գրասենյակի բացումը կատարել են Բերիո թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանն ու Պատկան մարմնի ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը: Բացման խոսքում Յուզբաշյանը նշել է․ «Ռադիո Երազն այսօր իրականություն է։ Ճիշտ է, այն հինգ տարի գործել է, սակայն այսօր ունենալով իր գրասենյակը՝ ավելի կազմակերպված կաշխատի, հալեպահայության ձայնը կփոխանցի համայն հայությանը։ Եթե ռադիոն պատերազմի բերումով տագնապներ պետք է փոխանցի, ապագայում այն պետք է փոխանցի սիրիահայության նոր ծրագրերն ու վերակառուցման աշխատանքները»։
Ռադիոյի այսօրվա աշխատակազմը 20 նոր ծրագիր ունի։ Այն այժմ գործում է համացանցային տիրույթում, սակայն ղեկավարությունը նախատեսում է այն հեռարձակել նաև FM տիրույթում։
Լուսանկարը՝ Venus Studio-ի