a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սոս Սարգսյանի կնոջը և այլ քաղաքացիների այդպես էլ թույլ չտրվեց մտնել Կամերային երաժտության տուն

Kamerayin

Կամերային երաժշտության տան նոր տնօրեն Վաչե Հովեյանի կանոնակարգային փոփոխությունները, որոնց Culture.AM-ն արդեն անդրադարձել է «Կամերային տան նոր տնօրինության «բոլորից թաքուն» նոր կաննոնները» հոդվածում, շարունակում են լուրջ խնդիրներ առաջացնել հանդիսատեսի համար: Տնօրենի կարգադրությամբ, համերգի մեկնարկից 10 րոպե անց համերգասրահի դռները փակվում են և չեն բացվում մինչև համերգի ավարտը:

Նոյեմբերի 18-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Սերգեյ Մանվելյանի «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» գրքի շնորհանդեսը, որն ուղեկցվեց համերգային ծրագրով: Դահլիճը լեցուն էր ինչպես երիտասարդներով, այնպես էլ մեր մշակույթի երևելի գործիչներով. նրանք բոլորը հետաքրքրված էին` այդ ի՞նչ նոր գիրք է լույս տեսել իրենց սիրելի Լուսինեի մասին: Մինչ համերգի ընթացքին չխանգարելու համար համերգասրահի մուտքի մոտ զրուցում էի երիտասարդ հեղինակի հետ, ուշացումով եկած հանդիսատեսը համառությամբ բախում էր դուռը` խնդրելով ներս թողնել: Հսկիչը մի քանի անգամ ապակու այս կողմից հասկացրեց, որ չեն բացելու դուռը և հավաքված մարդկանց հորդորեց հեռանալ: Միջոցառման մեկնարկից մեկ ժամ անց էլ դրսում կանգնած մարդիկ համառորեն սպասում էին:

Համերգը դեռ չէր ավարտվել, երբ ես փորձեցի դուրս գալ: Աշխատողներն ասացին, որ կարող եմ հետնամուտքից դուրս գալ, բայց պարզվեց, որ այն փակ է, քանի որ այնտեղ ևս շատ մարդ է հավաքված:

«Եթե Ձեզ թողնեմ, տարիքով մարդիկ են հավաքված, կուզեն ներս մտնել, ո՞նց արգելեմ նրանց»,- ասաց աշխատողներից մեկը:

Մի քանի րոպե անց մեկ այլ աշխատող փորձեց ինձ դուրս թողնել և անմիջապես փակել դուռը, բայց դրսում հավաքված մարդիկ արգելեցին նրան և պահանջեցին իրենց ներս թողնել:

«Այս ի՞նչ է կատարվում, մի ժամ է` մրսում ենք դրսում: Հասկացանք էլի, դուք շնորհանդեսն ու համերգն է՞լ չեք տարբերում»,- բողոքում էին մարդիկ, իսկ պահակը շփոթված փորձում էր հասկացնել, որ ինքը «կատարող մարդ է», չի կարող զրկվել աշխատանքից. «Եթե բողոքներ կան, խնդրում եմ, տնօրենին ներկայացրեք»:

Այդ ընթացքում որոշ մարդիկ , օգտվելով առիթից, դուրս եկան շենքից: Ի վերջո, չցանկանալով պահակի աշխատանքից ազատման պատճառ դառնալ, մարդիկ տեղի տվեցին և ազատեցին հետնամուտքը:

«Փաստորեն սրան էլ արժանացանք»,- նեղսրտեց Սոս Սարգսյանի կինը` Նելլի Սարգսյանը, ով ևս շենք մտնելու բախտին չարժանացածների մեջ էր:

Փորձեցի մեղմել տիկին Սարգսյանի վրդովմունքը` բացատրելով, որ աշխատողները գուցե չեն էլ ճանաչում նրան կամ եթե անգամ ճանաչում են, չեն կարող տնօրենի հանձնարարությունը չկատարել:

«Այստեղ միայն իմ անձի խնդիրը չէ: Ես հասկանում եմ աշխատողներին, չեմ մեղադրում նրանց: Լավ ճանաչելով Վաչե Հովեյանին` չեմ զարմանում»,- ասաց նա և հեռացավ:

«Ժամը 19-ն անց 10 րոպեին հասա Կամերային երաժշտության տուն ու ի՞նչ տեսնեմ` մուտքի մոտ լիքը մարդ է հավաքված, դռներն արդեն փակել են ու այլևս ոչ ոքի ներս չեն թողնում: Այ ձեր տունը շինվի, գրքի շնորհանդես է, հո՞ կառավարական համերգ չէ, որ ամուր կողպել եք դռները: Կարգուկանոնն ապահովելը գնահատելի բան է, բայց այս աստիճան ջանա՞լ: Ախր գրքի շնորհանդեսն ազատ ֆորմատով անցկացվող միջացառում է, որտեղ հրավիրվածներն անգամ մեկ ժամ ուշ կարող են գալ, հատկապես երբ գրված էր` մուտքն ազատ է»,- նշեց լրագրող Կիմա Եղիազարյանը` հավելելով, որ այն տպավորությունն է, ասես Պենտագոն էին ուզում մուտք գործել:

«Մենք հասկանում ենք, որ պետք չէ ուշանալ, բայց ի վերջո կարելի՞ է գոնե ընդմիջումներին ներս թողնել մարդկանց, իզո՞ւր ենք եկել այստեղ հասել: Ամեն ինչ էլ կարող է պատահել: Անգամ Օպերային թատրոնն իր հանդիսատեսին դրսում չի թողնում: Եվ ի վերջո կարելի՞ է տարբերել համերգը շնորհանդեսից: Հայտարարության մեջ գրված էր «շնորհանդես», նշանակում է` երբ ուզում եմ, կարող եմ գալ և միանալ միջոցառմանը»,- շարունակում էին բողոքել ցուրտը հաղթահարող մարդիկ և սպասել՝ հույս ունենալով, որ համերգի ավարտին դռները կբացվեն և իրենք գոնե գիրքը ձեռք կբերեն, կշփվեն հեղինակի հետ:

Կապ հաստատեցինք Կամերային երաժշտության տան տնօրեն Վաչե Հովեյանի հետ` խնդրելով մեկնաբանել իր ընդունած որոշումը:

«Մենք ունենք մեր կանոնադրությունը, և բոլորն, ովքեր պայմանագրով վարձակալում են դահլիճը, ընդունում են այդ պայմանները: Դուռը փակվում է 19:10 րոպեին` հաշվի առնելով հայ ժողովրդի ուշանալու սովորությունը, բայց աշխարհի ցանկացած համերգասրահ չենք կարող մուտք գործել անգամ 19 անց մեկ րոպե, եթե համերգը սկսվում է 19:00-ին»,- նշեց նա` հավաստիացնելով, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ իրենց մոտ ընդմիջումների ժամանակ դուռը բացվում է, և բոլորը կարող են ներս մտնել:

Մեր այն դիտարկմանը, որ երեկ դուռը մինչև վերջ չի բացվել, Վ. Հովեյանը պատասխանեց. «Ուրեմն ընդմիջում չի եղել»:

«Ծափահարությունների ժամանակ է՞լ դուռը չի կարող բացվել»,- հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ, որովհետև դա անարգանք է թե´ կատարողի, թե´ համերգասրահի, թե´ այն մարդկանց նկատմամբ, ովքեր ճիշտ ժամանակին են եկել»:

Չկարողացա Վ. Հովեյանին այլ հարցեր ուղղել, ինչպես օրինակ` տարբերություն չկա՞ ազատ մուտքով շնորհանդեսի և համերգի միջև, հնարավո՞ր չէ մարդանց թույլ տալ միայն օթյակ բարձրանալ, ինչը չի խանգարի համերգի ընթացքին, որովհետև նա ասաց, որ խիստ զբաղված է, իր օրակարգը շատ խիտ է և որ ես իրեն խանգարում եմ:

Հ.Գ. Լուսանկարում Կամերային երաժշտության տան մոտ հավաքված մարդկանց մի մասն է, այդ թվում` Նելլի Սարգսյանը և Կիմա Եղիազարյանը: Թեև հավաքվածները բավականին մրսած էին և բարկացած, բայց որոշեցին սիմվոլիկ լուսանկար անել` կատակելով, թե սա այն դեպքն է, երբ չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս:

 

 

Kamerayin tun

Հ.Գ. Լուսանկարում Կամերային երաժշտության տան մոտ հավաքված մարդկանց մի մասն է, այդ թվում` Նելլի Սարգսյանը և Կիմա Եղիազարյանը:   Թեև մարդիկ բավականին մրսած էին և բարկացած, բայց որոշեցին սիմվոլիկ լուսանկար անել` կատակելով, թե սա այն դեպքն է, որ չգիտես լաս, թե խնդաս:
  Անի Ռափյան (Culture.AM)

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0