a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սովետից» մնացած այդքան կարևոր մշակույթի տները դեռ սպասում են իրենց հերթին

mshakuyti tun

Սովետական միության մշակութային քաղաքականությունն, անկասկած,«իրեն»  նախանձել էր տալիս անգամ ամենաառաջավոր երկրների  այդ ոլորտի պատասխանատուներին: Շնորհիվ ճիշտ և արհեստավարժ  քաղաքականության` Սովետական կայսրության մշակույթը դարձավ աշխարհի դրոշակակիրներից մեկը, եթե ոչ դրոշակակիրը: Մշակութային գործիչն ուներ  բոլոր պայմանները ստեղծագործելու, ստեղծելու համար, չէ՞ որ  երկիր ու ազգ էր ներկայացնում: Բոլոր համայնքներում, անգամ ամենափոքրերում ու ամենահեռավորներում ստեղծվում էին մշակութային օջախներ, որպեսզի «ստեղծագործ կրակը» չմարեր: 1920-ական թվականներից աշխարհի ամենախոշոր ու առաջատար  երկրներում հիմք դրված, ապա 60-ական թվականներում եվրոպական երկրներ՝ մասնավորապես  Ֆրանսիա ներթափանցած մշակույթի տները /ու չնայած ֆրանսիացիների հակադարձմանը, որ ԽՍՀՄ-ից չէ այն ներթափանցել/   համայնքներում արվեստագետների համար դարձան որպես կայացման հիանալի սկզբնատեղ, ցատկահարթակ:

Հիմա ժամանակները փոխվել են: Ցատկահարթակն էլի մնացել է, սակայն հակառակ ներգործությունն ունի: Մեզ մոտ մշակույթի տները ոչ թե գործում են, այլ՝  գոյատևում: Չհաշված բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք կապված են շենքի /շենքերի/ վերանորոգման,  անգամ հիմնանորոգման հետ:

Մոտ 50-ամյա պատմություն ունի Իջևանի մշակույթի տունը: Չնայած իր համեստ  և համեստից  մի բան էլ պակաս պայմանների՝  մշակույթի տունը շարունակում է գործել: Այստեղ ցուցադրվում են ֆիլմեր, տեղի են ունենում թեմատիկ միջոցառումներ, բեմադրվում են թատրոններ: Առաջվա համեմատ /թվերի տեսքով/, նվազել է ներկայացումների և միջոցառուների թիվը, սակայն մշակույթի տունն իր 20 աշխատակցով  աշխատում է լրացնել համայնքի մշակութային բացը: Ավելին, մշակութային տունն ունի նաև իր պարի խմբակը:

Culture.AM-ի հետ զրույցում մշակույթի տան տնօրեն Արամ Խաչատրյանի խոսքով՝ ձմռանը ջեռուցման բացակայության պատճառով  երեխաները  չեն հաճախում:
- Մեր պայմանները մեղմ ասած վատ են: Շենքն ունի ոչ թե վերանորոգման, այլ հիմնանորոգման խնդիր: Դրան էլ գումարած՝ ջեռուցման խնդիրը: Խոսքը փոքր գումարների մասին չէ, այստեղ ֆինանսական մեծ ներդրումներ են պետք:

Հետաքրքրվում ենք՝ չե՞ն դիմել արդյոք պետական մարմինների, հովանավորների, ղեկավարը պատասխանում է.
- Բազմիցս եմ դիմել բարերարների և պատկան կառույցների․ բոլորն էլ գիտեն խնդիրների մասին, ավելին՝ անգամ վարչապետն է խոստացել վերանորոգել շենքը, բայց դեռ սպասում ենք:

Պարոն Խաչատրյանի խոսքով, քանի որ իրենք պատկանում  են քաղաքապետարանին, որոշակի աջակցություն ստանում են հենց այդ աղբյուրից, սակայն դա բավարար չէ վերանորոգման խնդիրը փոքրիշատե կարգավորելու համար:

Այդուամենայնիվ, մշակույթի տունն իր ուսերի վրա է վերցրել Իջևանի /նաև հարակից տարածքի/ մշակութային կյանքի անխափան ռիթմն ապահովելու բարդ ու պատասխանատու գործը, ոչինչ, որ ձմռան անհարմարություններին դիմակայել է պետք,  ոչինչ, որ ցանկացած պահի շենքին փլուզման վտանգ է սպառնում, ոչինչ, որ աշխատողները կատարած աշխատանքի դիմաց քիչ են վարձատրվում: Սարսափելին այն է, որ պատկերը նույնն է հանրապետության գրեթե բոլոր մշակույթի տներում, որոնց Culture.AM-ը խոստանում է անդրադառնալ առաջիկայում:

Հ.Գ. Իսկ մինչ այդ՝  եթե կարծիք կա, որ մշակույթի տուն հասկացողությունը հնացած սովետական մոդել է ու պիտանի չէ հասարակությանը, ապա ու՞մ է պետք առանց պայմանների այդքան տանջանքը, ի սեր Աստծո,  փակեք, տեղը  խաղատուն կամ սուպերմարկետ բացեք, իսկ քանի դեռ դրանք գործում են ու վստահ եմ, իրենց ներածին չափով օժանդակում են հայ մշակույթի տարածմանը, ապա  մշակույթի  տների «ձեռքից բռնել» ու օգնել է պետք, վերակենդանացնել է պետք, պայմանները բարելավել է պետք,  թե չէ  միայն հոգևոր սնունդով բոլոր բացերը չեն լրացվում:

 

Զրույցը՝ Անի Հովհաննիսյանի (Culture.AM)
Լուսանկարը՝  Տավուշի քաղաքապետարանի կայքէջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0