a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սուսիկի սիրո պատմությունը Տիգրան Մեծի «աչքի առաջ»

Tigran Mets Nor Norq (2)

Հայոց ամենազորավոր արքայի՝ Տիգրան Մեծի 5 մետրանոց արձանն արդեն 10 տարի է, ինչ «հսկում» է Նոր Նորքի բնակիչների «անդորրը» իր իսկ անունը կրող հանգստի գոտու տարածքից: 2004 թվականին հիմնադրված և 2013 թվականին հիմնանորոգված հանգստյան գոտին նորնորքցիների ամենասիրելի վայրերից մեկն է, որտեղ անգամ անց են կացվում միջոցառումներ, համերգներ և այլն:  Մոտ 6 հա բարեկարգված տարածքն ամբողջացնում է Նոր Նորքի գեղեցկությունն ու հմայքը:

Սակայն գեղեցկությունը դառնում է «նյարդային», երբ աչքդ ընկնում է Տիգրան Մեծի արձանի հետևի պատի շերտին, կամ հենց արձանի կողքն ու տեսնում «բացառիկ» սիրո խոստովանություն: Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի և ճարտարապետ Ռազմիկ Օհանյանի «կերտած» հայոց արքան, փաստորեն, ամենևին էլ չի «երևացել», ու վանդալիզմի հեղինակը (ները) շատ էլ լավ երևացող տեղ է գտել արտահայտելու իր զգացմունքները: Թե դրանից հետո Սուսիկն ինչպես է արձագանքել սիրո նմանօրինակ խոստովանությանը, դա արդեն ոչ մի կերպ չի արդարացնում արված տգեղ արարքը:

Նոր Նորք վարչական շրջանի լրատվական բաժնի ղեկավար Արթուր Դանիելյանի խոսքով, սա առաջին դեպքը չէ, որ գրություններ են հայտնվում այս այգում, արձանի հարևանությամբ: Culture.AM-ի հետ զրույցում պարոն Դանիելյանը նշեց, որ մի քանի անգամ արդեն հասցրել են մաքրել և դարձյալ պատրաստվում են դա անել: Պարզվեց՝ այգում տեսախցիկներ չկան: Մեր այն դիտարկմանը, թե մի՞թե հնարավոր չէ տեղադրել տեսախցիկներ, նամանավանդ, որ նման դեպքերն առաջին անգամը չեն լինում, Արթուր Դանիելյանը նշեց, որ տեսախցիկների տեղադրման հարցն արդեն  բարձրացվել է:

Ուշացած, բայց տեղին տեսախցիկներն առավել զգոն կպահեն «ռոմանտիկներին»՝ նման «պատմական» նշանակության գրություններ կատարելուց առաջ: Թող կոպիտ չհնչի, բայց եթե «վանդալիզասերներից» մեկը պատժվի, բարձրաձայնվի ու տարածվի, վստահ, դա կարող է նախադեպը լինել մյուս արձանների, պետական օբյեկտների, հասարակական վայրերի փչացման կանխման գործում: Այո, պատժել, չէ որ  ՀՀ քրեական օրենսգրքի  260-րդ հոդվածի համաձայն՝ շենքերը կամ այլ կառույցներն անպարկեշտ գրագրություններով կամ պատկերներով պղծելը, հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում գույքը վնասելը, եթե բացակայում են առավել ծանր հանցագործության հատկանիշները՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:  Ու եթե «հեղինակները» անչափահաս են, ուրեմն պատասխանատու են նրանց ծնողները: Պետք չէ սիրո խոստովանություն «անել» մեկի տեղը  մի քանի հատվածներում, մեծ-մեծ գրել, փչացնել, պղծել ամեն բան ու անունը դնել անչափահաս, կամ հա ոչինչ, էտ էլ կմաքրվի:

Մեզանից յուրաքանչյուրից է կախված իմ ու քո Երևանի ապագան:

Սյուզաննա Գարեգինյան (Cultrue.AM)
Ֆոտոշարքը՝ Արման Աբրահամյանի (Culture.AM)

 

  • Tigran Mets Nor Norq (1)
  • Tigran Mets Nor Norq (4)
  • Tigran Mets Nor Norq (3)
  • Tigran Mets Nor Norq (2)
  • Tigran Mets Nor Norq (5)
  • Tigran Mets Nor Norq (6)
  • Tigran Mets Nor Norq (7)
  • Tigran Mets Nor Norq (8)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0