a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/07/2015

Գեղամ Գրիգորյանը դարձյալ օպերայի ղեկավար է նշանակվել

timthumb

Հունիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական հանրույթին պարտադրել էին աշխատանքի ներկայանալ տոնական զգեստներով: Պատճառը չէին ասել: Չնայած ամռան այրող շոգին, ոմանք, այնուհանդերձ, կոստյումներ ու երեկոյան զգեստներ էին հագել, իսկ մի քանիսն էլ չէին եկել թատրոն՝ չուզենալով փողոց դուրս գալ «կառնավալային տեսքով»: Նրանք, ովքեր եկել էին, հայտնվեցին իսկապես տոնական իրավիճակում. հայտարարվեց, որ Հայաստանի ժողովրդական և Լիտվայի վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Գեղամ Գրիգորյանը նշանակվում է թատրոնի գեղարվեստական ղեկավար: Իհարկե, սա ոգևորող նշանակում է, որովհետև Գեղամ Գրիգորյանը միջազգային ճանաչում ունեցող երգիչ է, հանդես է եկել աշխարհի շատ նշանավոր թատրոններում, իսկ մինչև 2008 թվականը հանդիսացել սույն թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ըստ էության, Գեղամ Գրիգորյանը թատրոնի վերջին գեղարվեստական ղեկավարն էր, որովհետև նրա աշխատանքային պայմանագիրը լրանալուց հետո թատրոնն այլևս գեղարվեստական ղեկավար չունեցավ: Ժամանակի ընթացքում գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն ինքնահռչակվեց երաժշտական ղեկավար: Գեղամ Գրիգորյանի նշանակումը փոքր-ինչ մխիթարական է դառնում, որովհետև վերջ է տրվում այն անտերությանը, որը տիրում է թատրոնում ստեղծագործական ոլորտում: Արդեն երկու տարի է թատրոնում ստեղծվում են ամենատարբեր հաստիքներ, մոտ 30 հոգի նշանակվել է անհասկանալի պաշտոններում՝ զբաղվելու համար մենեջմենթով, գովազդով, պրոդյուսինգով: Իհարկե, իրականում ոչ ոք էական որևէ բան չի անում, այս պաշտոնները ոմանց բարձր աշխատավարձեր են ապահովում, մինչդեռ նշանակալի ոչինչ չի արվում, թատրոնի երկացանկն էլ «շագրենի կաշվի» նման ձգվում ու նեղանում է: Փաստենք, որ արդեն երկար ժամանակ բեմադրված օպերաների առաջնախաղեր չեն եղել, բալետն էլ աղքատ ազգականի դերում է հայտնվել: Ուրեմն, գեղարվեստական ղեկավարի նշանակումը կդառնա թատրոնի փրկությանն ուղղված քայլ: Սակայն հիմա էլ կծագի մի նոր խնդիր: Ի վերջո, ո՞վ է հանդիսանալու թատրոնի գեղարվեստական կառավարիչը, քանի որ, ինչպես նշեցինք, գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն ինքնահռչակվել է երաժշտական ղեկավար: Գլխավոր դիրիժորն ինքնին երաժշտական ղեկավար է, սակայն գեղարվեստական ղեկավարի առկայությամբ արդեն կրճատվում են նրա լիազորություններն ու գործառույթները: Հիմա թատրոնում երկիշխանությու՞ն կտիրի, թե՞, այնուհանդերձ, կհստակեցվեն լիազորությունները, ի վերջո թատրոնը կունենա մեկ գեղարվեստական կառավարիչ: Ավելացնենք, որ Գեղամ Գրիգորյանն իսկապես մեծ ծավալի աշխատանք պիտի կատարի, որովհետև թատրոնը, որպես այդպիսին, գրեթե չկա, ավերված է երկացանկը, բացակայում, են ստեղծագործական ծրագրերը, սպենդիարյանցիները դուրս են թռել ժամանակի տիրույթից և հայտնվել անորոշության մեջ, թատրոնից հեռացել է թատրոնը՝ թամանյանական հրաշալի կառույցը վերածելով ընդամենը համերգասրահի, խաթարված է ստեղծագործական համախումբը: Հետևաբար, ոչ թե շնորհավորենք, այլ ցավակցենք Գեղամ Գրիգորյանին և հուսանք, որ «վերակենդանացման բաժանմունքում հայտնվածին» կկարողանա կյանք վերադարձնել:

Լևոն Մութաֆյան
News-book.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0