
16/07/2016
|
Անի քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է

Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում: Որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում, որն անցկացվել է Ստամբուլում:
Անիի մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում տեղադրված այն ներկայացված է որպես հայերի կողմից հիմնադրված քաղաք, որը բնակեցված է եղել դեռ ուրարտական ժամանակաշրջանում: Քաղաքը վերելք է ապրել Հայոց Բագրատունիների արքայատոհմի ժամանակ, երբ Աշոտ Երրորդը 961 թվականին Անին հռչակել է Հայաստանի մայրաքաղաք: Արդյունքում քաղաքն ընդարձակվել է` ամրոցից վերածվելով թագավորական նստավայրի: 10-11-րդ դարերում Գագիկ Առաջինի գահակալության տարիներին քաղաքն բարգավաճում է` դառնալով մշակութային, կրոնական, տնտեսական կարևոր կենտրոն: Հենց այս ժամանակ էլ Տրդատ ճարտարապետը կառուցել է Անիի Մայր տաճարը և Սուրբ Գրիգոր դամբարան-եկեղեցին: 1064 թվականին քաղաքը նվաճել են սելջուկ թուրքերը:Անին տարածքում ունենալով բազմաթիվ եկեղեցիներ, ստացել է «1001 եկեղեցիների քաղաք» անվանումը: Եկեղեցիներից շատերը կառուցվել են 12-13-րդ դարերում: