a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
17/08/2015

«Արև Սամուելյանի կողմից հրապարակայնորեն հիշողության կորուստներ ի ցույց դնելն անհարիր է». Արգամ Այվազյան

Argam-Ayvazyan

Վերջին օրերին բուռն քննարկման թեմա դարձած Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքների մասին Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի 168.am-ին տված հարցազրույցը բողոքի ալիք է բարձրացրել պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությամբ և պահպանությամբ զբաղվող մտավորականների և մասնագետների ստվար զանգվածի մոտ:

Նախօրեին այս թեմայի շուրջ 168․am-ի հետ զրուցելու ցանկություն հայտնեց նաև պատմաբան, մատենագետ, հայագետ Արգամ Այվազյանը: Նա մեզ հետ իր զրույցի ընթացքում անդրադարձավ ինչպես՝ փոխնախարարի, իր ձևակերպմամբ՝ հակասական հարցազրույցին, այնպես էլ՝ վերջին տարիների ընթացքում այդ գերատեսչության կողմից պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների որակին և դրանց հետևանքներին:

Մինչ այսօր լռության մատնված փաստերի բացահայտումներով Արգամ Այվազյանի հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

Պարոն Այվազյան, ինչպե՞ս եք գնահատում պատմամշակութային հուշարձանների ուղությամբ տարվող վերականգնողական աշխատանքների որակը:
– Ինձ հուշարձանների պահպանության ոլորտի բոլոր նրբությունները ծանոթ են, որովհետև երկար տարիներ՝ դեռևս 1978 թ., ներգրավված եմ եղել այդ բնագավառի աշխատանքներում, ընդհուպ՝ մինչև այս տարվա հունվար ամիսը: Պետք է նշեմ, որ հուշարձանների պահպանության ոլորտն առհասարակ դժվարին աշխատանք է՝ լինի խորհրդային իշխանության տարիների՞ն, հիմա՞, թե՞ ապագայում: Կյանքը զարգանում է, քաղաքաշինությունն ու բնակավայրերը՝ նույնպես, և, բնականաբար, այս զարգացման առաջին զոհերն անցյալից մնացած հնագիտական հուշարձաններն են: Վերջին 100 տարվա ընթացքում ավերվել, գետնի երեսից վերացվել է ավելի քան 600 նմանօրինակ հուշարձան: Հիմա հանրապետությունում, որպես հուշարձանապահպանման մարմիններ, մնացել են թվով 2-3 կառույցներ, որոնք ունեն փոքր անձնակազմ, և աշխատանքները, որոնք տարվում են հուշարձանների պահպանության ուղղությամբ, ցավոք, պիտի փաստեմ՝ բարձիթողի վիճակի են մատնված:

Ինչի՞ արդյունք է դա՝ հուշարձանների նկատմամբ ոչ պատշաճ, անտարբեր վերաբերմունքի՞, թե՞ այլ պատճառներ կան:

Խնդիրները նմանօրինակ ընթացք ստացան, երբ 1995 թվականին փլուզվեց Հուշարձանների պահպանության գլխավոր վարչությունը, որ Հայաստանի կառավարության Մինիստրների խորհրդին առընթեր կազմակերպություն էր, ոլորտը ենթարկելով Մշակույթի նախարարությանը: Հետագա մի քանի տարիների ընթացքում այս ստատուսը ևս շատ համարվեց, և այն դարձավ պարզապես՝ որպես գործակալություն: Փաստորեն, ստատուսը լրիվ իջավ: Այդ տարիներին իսպառ փլուզվեցին նաև 1978-79թթ. ստեղծված այն հզոր կառույցները, որոնք վերահսկում էին հուշարձանների պահպանության ոլորտը՝ Նախագծային ինստիտուտը, գիտաարտադրական արվեստանոցները, որ զբաղվում էին հուշարձանների վերականգնման աշխատանքներով, և էլի նմանատիպ կառույցներ: Համակարգի նմանօրինակ փլուզումից հետո երկար տարիներ՝ մինչև 2003թ., դադարեցվեցին նաև հուշարձանների վերականգնման աշխատանքները: Այս թվից վերսկսված հուշարձանների վերականգնման աշխատանքները, թե´ կազմակերպչական առումով, թե´ տեխնիկական, թե´ որակի տեսակետից, կատարվում են անթույլատրելի և անվերականգնելի բացթողումներով և սխալներով:

Ինչո՞ւ: Պատճառը Ձեզ հայտնի՞ է:

Ես չգիտեմ դրա հստակ պատճառները: Վստահ միայն կարող եմ ասել, որ ֆինանսական բնույթի խնդիրներ չկան, որովհետև միայն վերջին 7-8 տարիների ընթացքում Գառնու թանգարանի տոմսերի վաճառքից գոյացած գումարը, որ կազմում է տարեկան մոտավոր 80-120 մլն դրամ, մոտքագրվում է «Հուշարձանների պահպանության ՊՕԱԿ»:

Իսկ Ձեզ հայտնի՞ է, թե ինչպես են տնօրինվում այդ գումարները:

– Ինչքան ինձ հայտնի է, գումարներն օգտագործվում են այդ ՊՕԱԿ-ի տարբեր խնդիրների լուծման նպատակով:

Պարոն Այվազյան, հիմա միայն ի՞նձ է թվում, որ այս ամենը՝ կապված պատմամաշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման հետ, խիստ ուղղորդված քաղաքականության արդյունք է:

Մոտավորապես մեկ ամիս առաջ պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրների և դրանց ճակատագրի մտահոգությամբ պայմանավորված՝ ես մամուլի ասուլիս հրավիրեցի: Ասուլիսի ընթացքում շատ հստակ ասել եմ, որ վերջին 10-15 տարիների փորձը ցույց է տալիս, որ հուշարձանների պահպանության և վերականգնման աշխատանքները Մշակույթի նախարարության կազմում թողնելը խիստ վտանգավոր է, և օր առաջ այն պետք է հանել այդ նախարարության կազմից: Պետք է ստեղծել առանձին կառույց, որի գլխին պետք է կանգնած լինի, շեշտում եմ՝ հոգով, սրտով, ձեռքով և խղճով մաքուր, ազգային մտածողություն ունեցող մարդ, որպեսզի կարողանա աշխատանքները գլուխ բերել: Այլապես, այս բարձիթողի իրավիճակը մեզ տանում է պատմամշակութային արժեքների անդառնալի կորստի, իսկ գումարային յուրացումների և որակի անկումների մասին պարզաբանման ակնկալիքները հանգեցնում են միայն ինտրիգների: Հուշարձանների պատշաճ պահպանության, վերականգնման, նորոգման, հանրահռչակման և օգտագործման խնդիրներն իրենց ծավալով ինքնըստինքյան մի նախարարության աշխատանք են:

Պարոն Այվազյան, անդրադառնա՞նք հուշարձանների վերաբերյալ իրականացվող քարոզչական աշխատանքներին:

Ահավոր պատկեր կստեղծվի, եթե մենք անդրադառնանք նաև այս տարիների ընթացքում հուշարձանների վերաբերյալ իրականացվող քարոզչական աշխատանքներին և մասնավորապես՝ տեղեկատվական վահանակներին, որոնց Դուք ևս անդրադարձել էիք փոխնախարարի հետ Ձեր հարցազրույցում: Ինձ առնվազն զարմանք է պատճառում այն, որ փոխնախարար Սամուելյանն իր հարցազույցի ընթացքում ասում է, թե դրանք տեղադրվել են իր և նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարումից առաջ: Այդ վահանակների տեղադրման աշխատանքները մեկնարկել են 2008 թ., որն իրականացվել է «Ճանաչենք Հայաստանի հուշաւձանները» ANAP կազմակերպության կողմից: Ես բազմաթիվ անգամներ հրապարակային ելույթներ եմ ունեցել այդ վահանակներում առկա խայտառակ սխալների մասին և հիմա ուզում եմ նշել, որ գոյություն ունի դրանց մասին վկայող գրավոր փորձագիտական հետազոտություն, որտեղ հստակ նշվում է այդ վահանակների տեքստերը փորձաքննության ենթարկելու մասին Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի 2011 թ. փետրվարի 8-ի նամակ-հանձնարարականը: Նամակին ի պատասխան՝ փոխնախարարին 65 էջից բաղկացած ուսումնասիրություն ուղարկեցինք, որտեղ մեկ առ մեկ նշված էին տեղադրված վահանակներում առկա բոլոր սխալները:

Այսինքն՝ այդ սխալներն իսկապես համատարած բնո՞ւյթ ունեին:

Անկասկած: Դրանք գիտակցված, հակապետական և հակագիտական սխալներ էին: Ի դեպ, հուշարձանների տարածքներում դրանք տեղադրելու թույլտվություն տալուց առաջ նախարարությունը դրանք պետք է տար գրախոսման, որից հետո հաստատեր նախարարության գիտամեթոդական խորհրդում, որը չի կատարվել 2008-2010 թթ.: Այնպես որ, ամբողջ մեղքը բարդել միայն ANAP-ի վրա և չքմեղանալ՝ ճիշտ չէ: Բացի այդ էլ, ծայրաստիճան սխալներով լի վահանակները ոչ թե անմիջապես հեռացվել են, ինչպես նշում է փոխնախարարն իր հարցազրույցում, այլև դա տեղի է ունեցել մամուլի միջոցով մտավորականների մի շարք ելույթներից ու բողոքներից հետո միայն: Իրականությունը սա է, և Արև Սամուելյանի կողմից հրապարակայնորեն հիշողության կորուստներ ի ցույց դնելն անհարիր է, քանզի վահանակների հարցը մի շարք անգամներ է քննարկվել նախարարությունում՝ հենց փոխնախարարի ներկայությամբ և անմիջական մասնակցությամբ:

Մանրամասները՝  168.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0