a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արվեստագետի աշխատանքը կավելանա, բյուջեն կլցվի (երևի), իսկ աշխատավարձը՝ նույնը կմնա

Money-and-Art

Դեռ նախորդ դարի 40-ական թվականներին, երբ ամբողջ երկրագունդը գտնվում էր սարսափի մեջ, երբ մարդկանց առօրյան բացվում էր պատերազմի դաշտում նոր իրադարձությունների իրազեկմամբ, երբ ամբողջ աշխարհը շնչում էր պատերազմական վառոդի հոտը, Սովետական հզոր կայսրությունն անգամ պատերազմի սկզբում, երբ պարտվում ու դեռ ուշքի չէր գալիս ֆաշիստակական ցնցումից,  իր առջև մի շարք առաջնային նպատակներ դրեց, որոնցից մեկն էլ ապահովել երկրի արվեստագետների անվտանգությունը, հեռացնել նրանց պատերազմական շրջաններից, ստեղծել լավագույն պայմանները ստեղծագործական նոր նվաճումների, ազգին ոգևորելու համար նոր ստեղծագործությունների ստեղծման համար: Եվ դա այն դեպքում, երբ դա ոչ այլ ինչ էր, քան երկրի կործանման վտանգ ներկայացնող երևույթ, որը վերաբերվում էր նաև հենց արվեստագետներին: Այո, կայսրությունը հաղթեց, Խաչատրյանը, Շոստակովիչը և այլք ստեղծեցին այդ ընթացքում սքանչելի գործեր, մշակույթն ապրեց ու ապրեցրեց ժողովրդին, որովհետև հավատը կար ապագայի հանդեպ, որովհետև երկրի երկու հենասյուններից մեկը՝ բանակը, պահում էր սահմանը, իսկ արվեստագետը բարձրացնում ժողովրդի ոգին, սերմանում նրա մեջ հաղթական հույզեր. ոչ մի նահանջ, որովհետև պետությունն այդպես էր ուզում:

Հայաստանն այդ մեծ կայսրության մի մասն էր, իսկ հիմա մենք անկախ ենք՝ ունենալով բազմաթիվ խնդիրներ, հոգսեր: Ճիշտ է, անհիմն  կլիներ համեմատել մեր երկրի ֆինանսկան ու տնտեսական ներուժը Սովետական հզոր երկրի հետ, բայց հո գաղափարը կարելի է համեմատել: Եթե Սովետական կայսրությունում ապահովում էին պատերազմական ժամանակաշրջանում արվեստագետին այլ՝ ավելի ապահով վայրերում հիանալի պայմաններով, ինչպես ֆինանսական, այնպես էլ աշխատանքային, հիմա մեզ մոտ ու էլի պատերազմական վիճակում մեզ՝ հայերիս, ամենևին էլ պետք չեն պերճաշուք «ակցիաներ»: Մենք անգամ մեր գործը թողել գիտենք ու ռազմաճակատ մեկնել գիտենք կամավոր, որովհետև մեր գենն է այդպիսի, որովհետև ամենածանր պահին մենք համախմբվել գիտենք, գրիչը զենքի հետ փոխել գիտենք, օրինակները շատ են, իսկ պատմությունը մեզ ապացուցում է, որ թե 90-ականներին, թե 2016-ին մենք նույն ՄԵՆՔ ենք մնացել:

Սակայն արվեստագետի ոգին չպետք է կոտրել, հիասթափեցնել: Այստեղ ևս բազմաթիվ են օրինակները, երբ հուսալքված արվեստագետը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչները լքում են երկիրը: Մնացող փոքր մասն էլ ասում է՝ ոչինչ, իմ ու քո երկիրն է, մնալ է պետք, ոչինչ, թող փողը քիչ լինի: Բայց երբ տեսնում են տեղից էլ այդքան քիչ գումարը պատրաստվում են կրճատել ու հետն էլ իրենք էլ կրճատվեն, այստեղ էլ ոչ մի հայրենասիրություն չի կարող փրկել, որովհետև տեղից էլ ծերից-ծեր հասցնող արվեստագետը չի կարող նայել իր կիսասոված երեխային ու ասել՝ հոգևոր սնունդն ավելի կարևոր է: Քչով բավարարվող արվեստագետն անգամ կսկսի բռնել արտագաղթի ուղին, քանի որ իրեն շրջապատող անարդարությունները հաստատ կստիպեն հետ չկանգնել դեպի դուրս գնալու մտքից:

Այսօրվա մամուլը քան երբևէ, հագեցած է թե՛ գեղեցիկ գույներ պարունակող, թե՛ իրականության մուգ երանգները ներկայացնող հավաստի տեղեկատվություններից: Դարն է այդպիսի: Ոչ մեկ էլ դեմ չէ ու ավելին, անբարոյականություն է, երբ երկրի համար կարևորագույն ժամանակահատվածում  բացի երկրիդ անվտանգությունից, կարևորությամբ այլ բաների մասին մտածես: Սակայն նույն այդ մամուլը սևով սպիտակի վրա գրում է բազմաթիվ անարդարությունների մասին՝ սկսած առանձնատների շքեղությունից, վերջացրած անհիմն ու անիմաստ կատարված ծախսերից: Ու այդ ֆոնի վրա երևան է գալիս տեղեկատվություն, որ ցանկանում են կրճատել արվեստագետներին բաժին հասնող տեղից էլ քիչ գումարները: Newsbook.am կայքի տարածած տեղեկատվության համաձայն՝ վարչապետի կողմից պայման էր դրվել արվեստագետների առաջ: Կամ նրանցից երկու հոգի աշխատանքից ազատում են կամ մինչև հունվար ամիսն իրենց հաշվին գնում են արձակուրդ, կամ էլ մինչև հունվար ամբողջ կոլեկտիվն աշխատավարձ չի ստանում:  Աղբյուրն իր մեկ այլ հոդվածում նշում է՝ վարչապետի բանավոր կարգադրության համաձայն` Մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները, որոնց կազմում են մտնում Կամերային երգչախմբեր, անսամբլեաները, պետք է կրճատումեր անեն:

Տեղեկատվությունը ճշտելու համար Cultrue.AM-ը կապվեց ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժին: Ի պատասխան մեր հացրմանը,ասացին, որ իրենք Newsbook.am կայքին արդեն ամեն բան պատասխանել են և ավելացնելու ոչինչ չունեն: Իսկ պատասխանը հետևյալն է եղել.
«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պահանջը մեկն է՝ բոլոր ոլորտներում աշխատանքի արդյունավետության բարձրացում, ինչն ամրագրված է բազմաթիվ ծրագրերով և հանդիսանում է հասարակական պահանջ: Այս առումով բոլոր գերատեսչությունները և կառույցները, ոչ միայն Ձեր նշած ոլորտի, այլ ընդհանրապես, պետք է մշտապես ուշադրություն դարձնեն ծախսերի նպատակային և արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև քննարկեն ավելի քիչ կամ նույն ռեսուրսներով ավելի բարձր արդյունքներ տալու հարցը: Արդյունավետության բարձրացումը կարող է լինել ինչպես բոլոր տեսակի ծախսերի կրճատման, այնպես էլ արտադրողականության արդյունքների մեծացման հաշվին»:

Թեմայի վերաբերյալ ցանկացանք մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ մշակույթի նախարարությունից, ի վերջո, ըստ տեղեկատվության, կրճատումները պետք է արվեինք հենց մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ներում: Սակայն նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ փոխանցեցին, որ դրանք դեռ հիմնավորված չեն, միայն խոսակցությունների տեսքով են, չկան օրինակ` հստակեցված ՊՈԱԿ-ների անուններն ու այդքանով նախարարության բաժնի մեկնաբանությունն ավարտվեց: Հետաքրքիրն այն էր,որ ի  հակադրումն այս ամենի, Culture.AM-ի հետ զրույցում մի շարք արվեստագետներ անգամ իրենք էին տեղյակ այս ամենից, շրջանառվող տեղեկատվությունից:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը նույնպես տեղյակ է շրջանառվող նորություններից, նշում է, որ պետք է  զուտ տնտեսվարական ծախսերը կրճատվեն, ինչպես նաև համերգների միջոցով ավելի շատ մուտքեր անեն պետական բյուջե։
– Պետք է ակտիվացնենք համերգաշրջանը, ավելի շատ ելույթներ ունենանք, որոնք պետք է եկամուտ ապահովեն։ Պետությունը աշխատավարձ է տալիս, մենք էլ պետք է դրա դիմաց եկամուտ ապահովենք,-նշում է արվեստագետը: Մեր այն հարցին՝ չե՞ն թանկանա արդյոք տոմսերը, պարոն Արաբյանը բացասական պատասխանեց.
– Տոմսերը  1000 դրամից են սկսում, բայց երբ տեսնում ենք, որ արվեստասերը վճարունակ չէ, դռները բացում ենք՝ մտնում են։
Արաբյանը զերծ մնաց տնտեսական բնույթի խնայողությունների մասին խոսելուց՝ նշելով. «Ես արվեստագետ եմ և ավելի շատ աշխատում եմ մշակույթի զարգացման վրա։ Տնտեսական հարցով տեղակալ ունեմ, ով զբաղվում է այդ հարցով և ես կոմպետենտ չեմ պատասխանելու»։ Եվ մեր այն հարցին՝ որքա՞ն է կազմում երգչախմբի աշխատավարձը, Ա. Արաբյանը նշում է ՝ 70.000 դրամ:

Իսկ 70.000 դրամ աշխատավարձ ստացող արվեստագետը, մարդը, ով տուն է պահում, հիմա պետք է սկսի քիչ երևալ տանը, կտրվի ընտանիքից, ավելի շատ աշխատի, իսկ փոխարենը ոչ միայն չի ավելանալու իր աշխատավարձը, այլև կրճատվելու են նաև մի շարք տնտեսական բնույթի ծախսեր: Խնդրեմ, էլի լցնեն բյուջեն, էլի, բայց բոլորը, այլ ոչ տեղից էլ իր գիտելիքներին, իր անցած ճանապարհին ու ազգի կրթական, մշակութային ոլորտում մեծ ներդրում ունեցող մարդու  առանց այն էլ ծիծաղելի աշխատավարձով աշխատանքի հաշվին: Անգամ մտավախություն ունեն արվեստագետները՝  «տնտեսական» կրճատումների ցանկում չհայտնվել, գոնե (թե դրանք կոնկրետ ինչ կրճատումներ  էին՝ պարզել չհաջողվեց): Ու այս պայմաններում արվեստագետին ասում են՝ շարունակիր, աշխատիր: Նշված կամերայինը վաղը դառնալու էր մեծ նվագախումբ, անսամբլը՝ կամերային նվագախումբ: Իսկ այս դեպքում….

Լավ է, որ խրախուսվում է արդյունավետությունը, բայց 70,000 դրամ աշխատավարձով (դեռ սա փառք է, այլ մշակութային և կրթական հաստատություններում պրոֆեսորի աշխատավարձն ավելի քիչ է կազմում, շատ ավելի) ոչ տուն կլինի պահել, ոչ էլ ցանկություն կյանքի, առողջության հաշվին ավել աշխատել, առավել ևս, երբ նույն Ա. Արաբյանի խոսքով՝ «երբ տեսնում ենք, որ արվեստասերը վճարունակ չէ, դռները բացում ենք՝ մտնում են»: Բացի այդ, դասական համերգներին միշտ նույն մարդիկ են գալիս, ովքեր ամսվա կտրվածքով որոշում են, թե ուր պետք է գնան: Ու հետաքրքիր է` ինչպես է այդ դեպքում ավել համերգների տոմսերը վաճառվելու:

Ետ գնալով դեպի սկիզբ. այնտեղ՝ այն ժամանակ էլ էր խրախուսվում թե՛ ֆինանսապես, թե՛ նյութապես, թե՛ բարոյապես, իսկ հիմա ստացվում է ամեն բան նույնն է մնացել, բացի ֆինանսապեսից, նյութապեսից, բարոյապեսից:

 

Սոնա Խաչատրյան (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0