a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լիբանանահայ արվեստագետ և հավաքորդ Հարություն Թորոսյանը պարգևատրվեց «Արշիլ Գորկի» մեդալով

5 (3)

Նախօրեին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալել էր լիբանանահայ արվեստագետ և հավաքորդ Հարություն Թորոսյանին ու նրա տիկնոջը։

Հարություն Թորոսյանը ծնվել է 1933թ. Բեյրութում: Սովորել է Փարիզի Ազգային բարձրագույն գեղարվեստի դպրոցում, այնուհետև` Ժյուլենի ակադեմիայում: Ստեղծագործում է գրաֆիկայի, գեղանկարչության և քանդակագործության ժանրերում: Նրա աշխատանքները տեղ են գտել նաև Հայաստանի ազգային պատկերասրահում:

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայության տեղեկության համաձայն՝ օրերս Հարություն Թորոսյանը Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանին էր նվիրել հայկական դրամների իր բացառիկ հարուստ հավաքածուն, որը բաղկացած է հին մետաղադրամների և թղթադրամների 168 նմուշներից և աչքի է ընկնում Տիգրան Մեծի, Արտավազդ Երկրորդի և Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանների հազվագյուտ դրամներով, ինչպես նաև Տիգրան Մեծի մատանու ագաթե քարը՝ արքայի դիմաքանդակով:

Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հարություն Թորոսյանին իր  հայրենանվեր քայլի համար և  հավաստիացրել, որ սփյուռքահայերի կողմից Հայրենիքի  համար իրականացվող յուրաքանչյուր գործ ըստ արժանվույն գնահատվում է նախարարության կողմից: «Այս իմաստով մեծապես գնահատելի է Ձեր նվիրատվությունը, և այն կարող է օրինակ դառնալ ու ոգևորել այլ սփյուռքահայերի», – նշել էր նախարարը և տեղեկացրել, որ գեղանկարչության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի և հայրենանվեր գործունեության համար  Հարություն Թորոսյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

Հուզումով ու երախտագիտությամբ ընդունելով նախարարության պարգևը՝ Հարություն Թորոսյանն ասել է. «Մենք դժբախտություն ենք ունեցել ապրել Հայաստանից հեռու, սակայն մեր մտածումները մշտապես կապված են եղել Հայրենիքի հետ: Վերջին տարիներին ակնդետ հետևել ենք Արցախի ազատագրական պայքարին, ոգևորվել և հպարտացել ենք, միևնույն ժամանակ մեծ ցավ ենք ապրել, որ այդ պայքարում բազմաթիվ երիտասարդներ են զոհվել: Ինձ մշտապես հետապնդում էր այն հարցը՝ թե ես ի՞նչ կարող եմ անել Արցախի համար: Եվ մտածեցի երկար տարիների ընթացքում  հավաքած դրամների հարուստ հավաքածուն նվիրել Արցախին՝ որպես նրա հանդեպ մեծ սիրո և գուրգուրանքի վկայություն»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայ մշակութային կյանքին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0