a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Խորհրդային մշակույթի ազդեցությամբ մեծացած ավագ սերնդի կարծրատիպերն այլևս բնորոշ չեն նոր սերնդին. Էլինար Վարդանյան

m

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ զրուցել ենք Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման, քաղաքացիական նախաձեռնությունների` իրենց իրավունքների համար պայքարելու, բողոքելու մշակույթի ձևավորման մասին:

- Տիկի՛ն Վարդանյան, շատ հաճախ անգամ հեշտությամբ լուծելի հարցերի մասին բարձրաձայնելու հետ կապված մեր քաղաքացիների մոտ հոգեբանական բարդույթ կա: Մեզանում ձևավորվա՞ծ է խնդիրների մասին բարձրաձայնելու մշակույթը:
– Մենք ունենք որոշակի ստերեոտիպեր, տարբեր հարցերի վերաբերյալ կարծրացած մոտեցումներ, այդ թվում՝ բողոքելու: Ասել, որ մի քանի տարի առաջվա համեմատ փոփոխություն չկա, ճիշտ չի լինի, որովհետև մենք նոր, առողջ սերունդ ունենք. խորհրդային մշակույթի ազդեցությամբ մեծացած ավագ սերնդի ստերեոտիպերն այլևս բնորոշ չեն նոր սերնդին: Ներկայիս երիտասարդ սերունդը բաց արժեքային համակարգում է ձևավորվում՝ որոշ հարցերում ավելի լավ, մյուսներում՝ ավելի վատ, բայց ակնհայտ է, որ նոր սերունդը բոլորովին այլ մոտեցում ունի, պատրաստ է պայքարել իր իրավունքների ու նաև հասարակության մյուս անդամների համար:

- Ե՞րբ, ի՞նչ հատկանիշների առկայության դեպքում կկարողանանք ասել, որ արդեն ունենք ձևավորված քաղաքացիական, իրավագիտակից հասարակություն:
– Մենք նորաստեղծ պետություն ենք և այնքան էլ երկար ճանապարհ չենք անցել, հետևաբար քաղաքացիական հասարակության ինստիտուտները ձևավորման որոշակի փուլեր են դեռ անցնում. խոսքը վերաբերում է և՛ կուսակցություններին, և՛ հասարակական կազմակերպություններին, և՛տարբեր քաղաքացիական նախաձեռնություններին: Այս դեպքում կարևոր է նաև իշխանության մոտեցումը՝ որքան իշխանությունները բարենպաստ միջավայր ստեղծեն ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության մյուս ինստիտուտների կայացման համար, այդքան մենք ավելի արագ կհաղթահարենք անցումային փուլը: ՀԿ-ների կողմից քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվել, բայց դա դեռ այն արդյունքը չէ, որին բոլորս ձգտում ենք: Ճիշտ է, անցած ժամանակն էլ առանձնապես երկար չի եղել, բայց թերևս մենք մի քիչ շտապելու խնդիր ունենք, որովհետև աշխարհը շատ ավելի արագ է առաջ գնում, և մենք՝ մեր փոքր քայլերով դժվար թե հասցնենք աշխարհի հետևից: Իհարկե աշխատում ենք նախադրյալների ստեղծման ուղղությամբ. առաջիկայում կմշակվի ՀԿ-ների մասին նոր օրենքը, որով կփորձենք նպաստել ՀԿ-ների՝ առավել ակտիվ և արդյունավետ գործունեության իրականացմանը: Հուսամ, դա կօգնի նաև ավելի արագ անցնել քաղաքացիական հասարակություն կառուցելու ճանապարհը:

- Ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես ցանկացած երկրի իշխանություններին ձեռնտո՞ւ է երկրում ակտիվ քաղաքացիական հասարակության առկայությունը:
– Ժողովրդավարական երկրներում դա կարևորագույն գործոն է, որովհետև քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտներն առավել քաջածանոթ են լինում հասարակական կյանքի տարբեր ոլորտներին և իրենց դերակատարությունն են ունենում այդ ոլորտների կարգավորման հարցում: Շատ զարգացած երկրներում կան ոլորտներ, որտեղ պետությունը, իշխանությունները փորձում են անիջական մասնակցություն չունենալ և դա անել պատվիրակված` ՀԿ-ների միջոցով: Փորձը ցույց է տալիս, որ այս պարագայում տվյալ ոլորտում հարաբերությունների կարգավորումն առավել արդյունավետ է լինում: Կարծում եմ, որ ցանկացած ժողովրդավարական պետությունում քաղաքացիական հասարակությունը և դրա կառույցներն այս առումով կարևորագույն գործիք են հատկապես իշխանությունների համար:

- Վերջերս հաճախ ենք խոսում այն մասին, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կարողանում է ինչ-ինչ փոփոխությունների հասնել: Ի՞նչ եք կարծում` սա իրականությո՞ւն է, թե՞ ընդամենը իմիտացիա է:
– Վստահ եմ, որ կարողանում է, և ես դա գիտեմ իմ առօրյա աշխատանքից ելնելով. մեր հանձնաժողովն ունի մի կարևոր սկզբունք` օրենքների նախագծերը պարտադիր քննարկվում են ՀԿ-ների հետ, և հենց ՀԿ-ների կողմից արված առաջարկների միջոցով էլ մենք կարողանում ենք առավել ընդունելի դարձնել օրենքները: Իհարկե, քաղաքացիական հասարակությունը միայն ՀԿ-ները չեն, դրա մեջ մտնում են նաև տարբեր քաղաքացիական նախաձեռնությունները, ակտիվ անհատները: Մի բան կարող եմ ասել` երբ խնդիր է բարձրացվում և բազմաթիվ գիտակ մարդիկ խոսում են այդ մասին ու լուծումներ են առաջարկում, նրանց խոսքը չի կարող անտեսված մնալ:

- Հաճախ անգամ քաղաքացիների բարձրացրած խնդրին լուծում տալուց հետո իշխանությունները հայտարարում են, որ իրենց ոչ ոք չէր կարող պարտավորեցրել որոշակի զիջումների գնալ, եթե իրենք ի սկզբանե այդպես նախատեսած չլինեին: Նմանատիպ հայտարարությունները քաղաքացիներին, հասարակությանը կոտրելու հերթական քա՞յլն են:
– Ի վերջո իշխանությունները պետք է մի բան շատ լավ գիտակցեն` եթե ուզում ենք ունենալ այն Հայաստանը, որի մասին երազում ենք, պետք է խթանենք տարբեր ինստիտուտների զարգացումը: Առաջին հերթին դա կլինի` գնահատելով այն կառույցների, անհատների աշխատանքը, որոնք խնդիրը բարձրաձայնում են ոչ թե ցույց տալու համար, թե իշխանությունն ինչ վատ է աշխատում, այլ իշխանությանը հարցի լուծման ճանապարհներ ցույց տալու: Եթե իշխանությունն իր մեջ կամք գտնի և քաղաքացիական հասարակության ինստիտուտներին` ՀԿ-ներին, տարբեր նախաձեռնություններին, ակտիվիստների, դիտարկի որպես գործընկեր և ոչ որպես ընդդիմախոս կամ թշնամի, այդ օրվանից կարող ենք ասել, որ քայլ է արված քաղաքացիական հասարակության ամրապնդման ուղղությամբ:

- Դուք համաձա՞յն եք այն մտքի հետ, որ արտագաղթի հիմնական պատճառներից մեկը նաև արդարության պակասն է:
– Նժարի վրա հավասարապես կարելի է դնել արտագաղթի հիմնական երկու պատճառներ` սոցիալական խնդիրները և արդարության պակասը: Հատկապես վերջին ժամանակահատվածում շատ են դեպքերը, երբ Հայաստանից հեռանում են նաև սոցիալական խնդիրներ չունեցող անհատներ, ընտանիքներ, մտավորականներ, որովհետև վերջիններս արդարության պակաս են զգում և անգամ ոչ իրենց անհատական կյանքում. նրանք կարծես խեղդվում են գործող համակարգի պայմաններում:

- «Էլեկտրիկ Երևանը» ինչ-որ բան փոխե՞ց:
– Ե´վ «Դե!մ եմ» շարժումը, և´ «Էլեկտրիկ Երևանը» որոշակի խնդրի շուրջ միավորվելու և դրա մասին միասնաբար բարձրաձայնելու մշակույթ ձևավորեցին:

- Բայց, ըստ էության, մեծ հաշվով այդ շարժումների մասնակիցները ցանկալի արդյունքի չհասան:
– Այո, չհասան այն արդյունքին, որին ձգտում էին, բայց միջանկյալ լուծումներ տրվեցին, իսկ դա կարևորագույն շարժիչ է հաջորդ խնդիրների շուրջ համախմբվելու և դրանք բարձրացնելու համար: Ես մի կողմ եմ թողնում շարժման վերաբերյալ տարբեր քաղաքական մոտեցումները, շարժման ենթատեքստում ինչ-որ բան փնտրելը, թեև այդ ամենը կար, բայց դրա հետ մեկտեղ պետք է արձանագրել, որ Բաղրամյան պողոտայում հավաքվել էր արժեքային լուրջ համակարգ ունեցող երիտասարդություն, որոնց այդ պահին միավորում էր կարևորագույն խնդիր, և հասկանալի է, որ հարցը ոչ թե մի քանի դրամն էր, այլ հենց արդարության հասնելու գաղափարը: Վստահ եմ, որ այդպիսի նախաձեռնությունները շատ կարևոր ազդակ են պետության ապագան կառուցելու գործում:

 

Հարցազրույցը` Անի Ռափյանի (Culture.AM)

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0