a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պատահականությա՞ն, թե՞ չիմացության արդյունքում է ԿԳ փոխնախարարը Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ազգանունը Կրեպյան արտասանել

66024

ՀՀ Կառավարության` օգոստոսի 31-ի  նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը  վերաբերում էր N 62 ավագ դպրոցը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով անվանակոչելուն: Ազգային հերոսի անունով դպրոցն անվանակոչելն, իհարկե, հիանալի իրադարձություն է: Նոր սերնդին հենց այսպիսի անուններն են անհրաժեշտ հերոսական ոգով դաստիարակելու համար: Մարդիկ, ովքեր կարողացան կերտել մեր այսօրն ու անկախ, հաղթանակած երկիր պարգևել: Սակայն արի ու տես, պատահականությա՞ն, թե՞ չիմացության արդյունքում է, որ դպրոցի անվանակոչման հարցը ներկայացնող  ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը երկու անգամ այն ընթերցելու ժամանակ Կրպեյանի ազգանունն արտասանում է Կրեպյան (Այս մասին իմանում ենք «Հայկական Ժամանակ» օրաթերթի տարածած տեղեկատվությունից): Ու այս ամենին էլ եկավ լրացնելու կառավարության անդամներից և ոչ մեկի արձագանքը, գոնե փոքրիկ նկատառումը, որ մեր երկիրը չունի Կրեպյան ազգանունով հերոս: Մեկ անգամ սխալվելուն կարելի էր և չանդրադառնալ, քանի որ անթերի մարդ չկա, իսկ խոսակցական սխալները երբեմն ամենաանհարմար պահի դառնում են մեր «վատ բարեկամները»: Սակայն  երբ սխալը կրկնվում է, ուրեմն այն լրիվ հիմք է տալիս ենթադրելու, որ մեր Ազգային հերոսի փառահեղ անունն ու հենց հերոսի մասին «այդքան էլ չգիտի» ԿԳ փոխնախարարը:  Արցախյան ազատամարտի 8 հերոսներ ետմահու արժանացան մեր պետության կոչմանը՝ իրենց կյանքը նվիրելով ինձ ու քեզ: 800 չեն, այլ ընդամենը 8-ը (ՀՀ բարձրագույն կոչմանն են արժանացել 15 մարդ), որոնց մենք նվազագույնը գոնե անունները պետք է իմանանք: Իսկ այ կառավարության՝ տիկին Հարությունյանի ասածը չշտկելու բացարձակ լռությունն էլ արդեն կրկնակի զարմանք է առաջացնում:
Այս առիթով, փոխնախարարը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանելով իր, այսպես ասած, վրիպումները, ասել էր, որ չի նկատել, թե ինչպես է սխալ արտասանել Կրպեյանի ազգանունը: Իսկ թե ինչպե՞ս է սխալ արտասանել, դա արդեն փոխնախարարը գիտի:
Մենք պարտավոր ենք իմանալու, ճանաչելու  ու բարձր պահելու բոլոր այն մարդկանց անունները, որոնց շնորհիվ մենք այսօր ապրում ենք խաղաղ երկնքի տակ: Ուղղակի պարտավոր ենք:

Հովհաննես Մնացականյան (Culture.AM)
Լուսանկարը՝ Armtimes.com («Հայկական ժամանակ»)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0