a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արմենչիկը՝ ՀՀ վաստակավոր արտիստ. ՍԹԱՓՎԵ՛Ք

armenchik2

Վաստակավոր և Ժողովրդական արտիստ կոչումները Սովետական կայսրության այն եզակի խորհուրդներից էին, որոնք մեր ժողովրդի մեջ դեռ շարունակում էին մնալ բարձր դիրքերում: Մշակույթի ոլորտի ներկայացուցիչների համար դեռ սովետական ժամանակաշրջանում այդ կոչումներով պարգևատրվելը մի մեծ պատիվ էր, հարգանք,  հպարտություն ու պարտավորություն իր գործն էլ ավելի նոր ուժերով շարունակելու ու զարգացնելու նվիրական գործում:  1936 թվականից ի վեր, ԽՍՀՄ-ում այս կոչումները սկսեցին նոր կյանք հաղորդել մշակութային դաշտին: Ավելորդ չէ նշել, որ ԽՍՀՄ բազմամիլիոնանոց երկրում ժողովրդական արտիստի կոչմանն արժանացան թվով 1006 արվետսագետներ, ինչն այդքան տարիների համար այդքան ժողովրդի մեջ, իրոք որ քիչ  է:

Այսօր այս կոչումը կարծես աստիճանաբար սկսել է արժեզրկվել: Չթերագնահատելով ստացողներից և ոչ մեկի գործունեությունն իր բնագավառում, բայց և համեմատելով իրենց կողքին աշխատող մյուս բոլոր արվեստագետներին , ովքեր չեն ստացել (կամ ստանում) կոչում, կարելի է ասել, որ ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ սխալ է: Այո, կան որոշները, որոնք հասարակության մեծամասնության կարծիքով արժանի են ստանալու  ու ստացել են: Սակայն, վերջին տարիների միտումը, կոչումներն ուղղելով շոու-բիզնեսի կողմը, մեղմ ասած, այդքան էլ գովելի չէ:  Այս ամենի հիանալի հանգուցալուծումն էլ եղավ սեպտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի սեպտեմբերի 5-ի հրամանագրով Արմեն Հարպետի Գոնդրաչյանին՝ նույն ինքը Արմենչիկին,  ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացնելը: Սա այն դեպքն է, երբ մի պահ պետք է ժամանակը կանգնեցնել, հասկանալ ինչ է կատարվում, նոր շարունակել գրել, կամ ապրել: Այո, Արմենչիկն անկասկած, այսօր այն եզակի արտիստներից է, ով կարողանում է իր մենահամերգներն անցկացնել լեփ-լեցուն դահլիճներում, այո, Արմենչիկն այսօր այն արտիստներից է, ում երգերը անցնող 10 մեքենայից գոնե մեկի մեջ հնչում են, այո, նա այն արտիստներից է, ում երգերը հնչում են ամեն երկրորդ հարսանիքին: Բայց, մի՞թե դա չափանիշ է պետական բարձր կոչումով պարգևատրելու այդ արտիստներին և կողք կողքի դնելու ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչներ , ասենք, դերասաններ Արմեն Էլբակյանի, Բորիս Պեպանյանի, ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի, նկարիչ Հաղթանակ Շահումյանի (Հաղթո),  ջազմեն Արմեն Թութունջյանի (Չիկո), երաժիշտ,խմբավար Տիգրան Հեքեքյանի, կոմպոզիտորներ Արամ Սաթյանի, Լևոն Չաուշյանի, երգչուհի Նադեժդա Սարգսյանի և այլ Վաստակավորի կոչում ստացած մարդկանց կողքին: Ու դեռ չենք խոսում Սերժ Թանկյանի, Վարդան Պետրոսյանի, Էդուարդ Թոփչյանի, Արթուր Մեսչյանի, Միխայիլ Կոկժաևի (Կոկժայան), Մկրտիչ Արզումանյանի (թեկուզ) և այլոց մասին, ովքեր արվեստում ունեցած իրենց ակտիվ գործունեության և մեծ ներդրման համար վաղուց իրենց կենսագրականում պետք է ունենային գոնե Վաստակավորի կոչում:

Իսկ ինչ է ստացվում: Թուրքական և արաբական կլկլոցներով հագեցած արտիստի գործունեությունն արժանանում է պետական գնահատանքի, արտիստ, ով հանդես գալով ռաբիս ոճում, իր երգերի մեծամասնությունում անգամ չի պահպանում ճիշտ շեշտադրության կանոնները, երգի ձևաչափի ճիշտ կառուցելը՝ ասել է, թե երաժշտական պրոֆեսիոնալ գրագիտության չափանիշները: Բայց արդյունքում հենց ինքն է ստանում: Նախորդ տարիների “Վաստակավորի գունապնակում” հայտնվեցին որոշ արտիստներ՝ Արման Հովհաննիսյան, Թաթա Սիմոնյան, Անդրե, ովքեր ներկայացնելով փոփ, ռաբիս ուղությունը՝ ստացան այդ կոչումը, իսկ  հանրության շրջանում “խառնաշփոթ” առաջացավ կոչման չափորոշիչների վերաբերյալ, երբ օպերան հավասարվում է ռաբիսին, երբ թատրոնը հավասարվում է սերիալին, թվարկված բնագավառների գործիչներն էլ դրվում մի հարթության մեջ:   Ի վերջո արտիստներն իրենք էլ են ընկնում շփոթության մեջ, եթե կարելի է Վաստակավորի կոչման արժանանալ  հեշտ ճանապարհով, երբ կարելի է ներկայացնել ոչ բարձր պրոֆեսիոնալիզմ պարունակող գործ, ապա ինչու ջանք թափել, պաշտպանել որոշակի թեզեր, ունենալ  բարձրագույն կրթություն, ծավալել որոշակի ազգանպաստ գործունեություն…Վերջապես որտեղ է սկսվում և ավարտվում վաստակավորի սահմանը:  Հարցեր, որոնց պատճառով խեղվում է Վաստակավորի դիմագիծը:  Վախենալ կարևելի է այն մտքից, թե օրինակ  25 տարի հետո ովքեր կարող են լինել ՀՀ Վաստակավոր գործիչներ և ինչ չափորոշիշներով կընտրվեն նրանք : Եթե այդպես է, ուրեմն եկեք հրաժեշտ տանք Սովետական Միության կողմից՝ իբրև ժառանգություն ստացած այս կոչումների ավանդույթին… Թե չէ օրերից մի օր կունենաք ՀՀ Վաստակավոր տաքսիստ՝ մեքենայում լավ երաժշտություն միացնելու համար (մենք իհարկե, չենք թերագնահատում և ոչ մի աշխատանք, օրինակն էլ բերվում է կոչման էությունն ավելի ցայտուն պատկերացնելու համար):

Հովհաննես Մնացականյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0