a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
11/09/2015

«Ուզեն, թե չուզեն` հիփ հոպը Գյումրիում զարգանալու է». գյումրեցի ռեփերներ

Harutyun-Exoyan (1)

Առավոտը գրում է․ Գյումրու օրվան նվիրված տոնական համերգի ու մշակութային միջոցառումների շուրջ բուռն քննարկումները դեռ շարունակվում են:  Aravot.am-ին էին դիմել Գյումրու տոնական համերգին «Հիփ հոպ Գյումրի» անվամբ հանդես եկած ռեփերներ Հարություն Եղոյանը (առավել հայտնի է բեմական «Հայ ռեփ Մանախ» անունով), Տիգրան Ադամյանը՝ «Աթլ Տիկոն» եւ «Բիթբոքս Աբոն»՝ Ալբերտ Գեւորգյանը:
Նշենք, որ երիտասարդները սովորաբար հանդես են գալիս առանձին -առանձին, սակայն քաղաքի տոնին միավորվել են՝ հանդես գալով մեկ ծրագրով: Տղաները հանդես են եկել «Strife dance» հիփ հոպ խմբի հետ, որն ապահովել է բեմադրությունը: Երիտասարդներին, մասնավորապես, զայրացրել է այն, որ իրենց ոճը համարելով փողոցային ժարգոններով երաժշտություն՝ կարծում են, որ այն չի կարող զարգանալ Գյումրիում, դա այս քաղաքին հարիր ոճ չէ, եւ որ իրենք իրավունք չունեին ելույթ ունենալ լեգենդար երգիչ «Բամբիռ» խմբի հիմնադիր՝ Ջակի կողքին:

Բացի այդ, նրանց զարմացրել է Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի պարզաբանումը, թե Գյումրու քաղաքապետն ու փոխքաղաքապետը դեմ են եղել տոնական համերգին իրենց մասնակցությանը, ավելին` մերժել են, սակայն երիտասարդները շատ են խնդրել ու քաղաքապետարանի պաշտոնյաները ընդառաջել են: Բիթբոքս Աբոն՝ Ալբերտ Գեւորգյանը, Aravot.am-ին պատմեց հետեւյալը.
«Ես առաջարկ եմ ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժին համերգից դեռ մեկ ամիս առաջ, մենք անգամ չենք իմացել, թե որ օրն է նշվելու Գյումրու օր, որովհետեւ, ինչպես գիտեք, անընդհատ փոխվում է օրը, կոնկրետ օր չկա: Ես ասել եմ, որ այսպիսի ոճ կա՝ հիփ հոպ, որը պիտի զարգացնենք: Ես մտածում էի, եթե կընդունեն, թող ընդունեն, չընդունեցին էլ, Աստված իրենց հետ, բայց մարդիկ ընդունեցին մեր առաջարկը, որ խմբի տեսքով ելույթ ունենաք, իրենք հավանություն տվեցին մեր նախագծին: Մենք մինչ այս առաջարկն էլ տարբեր ելույթներ ենք ունեցել, համերգներ ենք տվել, մենք ունենք մեր լսարանը:
Մի խոսքով, մենք տարբեր փորձեր արեցինք, իրենք եկան, տեսան, հավանություն տվեցին ու ասացին՝ պիտի մասնակցեք: Ոչ մի խնդրանք չի եղել, մենք չենք խնդրել իրենց, որ թողեք մեզ մասնակցենք: Մենք ուղղակի ուզում էինք, որ հիփ հոպ ոճը զարգանա Գյումրիում ու անկախ ամեն ինչից թույլատրություն կունենանք, չենք ունենա, անկախ այն բանից, որ կան մարդիկ, որոնց դուր չի գալիս մեր ոճը, բոլոր ոճերը հավասարաչափ պիտի զարգանան Գյումրիում: Մի ոճը չպիտի բարձրացնեն, մյուսը ցածրացնեն՝ ասելով, թե փողոցային է կամ չգիտեմ ինչ է»:

Ռեփեր Հարություն Եղոյանն էլ ասաց, որ իրենք երգը գրել էին գրական հայերենով, որպեսզի բոլորին հասկանալի լիներ, սակայն քաղաքապետարանում տեքստի բառերը պահանջել են Գյումրու բարբառով: «Մեզանից ուզեցին տեքստի բառերը, մենք ուղարկեցինք իրենց, իրենք էլ հավանություն տվեցին: Եթե Գյումրու անուշ, համով, հոտով բարբառը իրենք համեմատում են ժարգոնի, փողոցային բառապաշարի հետ, ուրեմն բոլորս ժարգոնով խոսող ենք: Բայց խոսելուց առաջ լավ կանեին ուսումնասիրեին մեր բարբառի ծագումնաբանությունը ու ժարգոնները թող տարբերեն բարբառից», -ասաց Հարություն Եղոյանը:

Նա ասաց, որ ինքը նախկինում էլ ելույթ է ունեցել Գյումրու օրվա տոնական համերգին, սակայն որպես անհատ կատարող: Ըստ նրա, զարմանալի է, որ Գյումրու քաղաքապետարանի կողմից ներկայացվում է այնպես, թե իբր իրենք խնդրել են թե՛ փոխքաղաքապետին, թե՛ քաղաքապետին, որ թույլ տան ելույթ ունենալու, ու թեեւ այս երկու պաշտոնյաներն էլ առարկել են, սակայն վերջում զիջել են՝ մտածելով, որ ջահելներ են, չկոտրենք, թող ելույթ ունենան:

Ավելին՝ Aravot.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0