a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պետք է հարգել ՀՀ Օրհներգի ամեն մի տառը, այլ ոչ թե անել այն, ինչ ուզում ես

hh himn

Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝  հայկական հեռուստաալիքները կեսգիշերն ազդարարում են  ՀՀ Պետական օրհներգով, ու սա  հեռուստատեսության այն եզակի որոշումներից է,որը միանշանակ արժանի է գովասանքի: Հայկական պետականության խորհրդանիշներից մեկը հանդիսացող մեր օրհներգն ամեն օր լսելի է դառնում բազմահազար հեռուստալսարանին:  Սա, թերևս, կարելի է դիտարկել նաև որպես այլընտրանքային ուսուցողական տարբերակ թե՛ սովորելու (եթե, իհարկե, բանականության տարիքի հասած հայ  կա՝ դեռ չգիտի) և թե՛ վերհիշելու համար:

Բայց սովորելու և վերհիշելու համար անհրաժեշտ է «մատուցել» օրհներգն այնպես, ինչպես որ գրված է: Հարցի երկրորդ կողմն է, որ ՀՀ Պետական օրհներգն ունի որոշակի բացթողումներ. դեպի «ներքև» իջնող մեղեդային կառուցվածք, սխալ շեշտադրություն և այլն: Բայց պետական խորհրդանիշները ենթակա են կատարման, պահպանման այնպես, ինչպես որ կան, եթե պետականորեն որոշում չի կայացվում այն ձևափոխել:

Եվ ահա, հեռուստատեսության եթերում  նկատվում է օրհներգի «նորացված», «իմպրովիզացված», «մոդուլացված»  տարբերակ՝ հայ աստղերի կատարմամբ: Մի կողմ  դնելով ամիսներ առաջ «թողարկված» այս տարբերակում մեղեդու հետ իմպրովիզացիոն այլանդակումներն ու շարքային էստրադային երգի վերածելու գաղափարը՝ էլ առավել ուշադրության արժանի է օրհներգի՝ պետականորեն ընդունված բառերի օգտագործումը: Այս «երգի» առաջին տան մեջ Սիլվա Հակոբյանի կողմից երգվող տողերն հետևյալն են. ՅՈՒՐ ՈՐԴԻԿ(ք)Ը ԱՐԴ ԿԱՆՉՈՒՄ Է (0:35): Ո՞վ է թույլ տվել աղավաղել բառերը. իրականում վաղուց արդեն պետականորեն ընդունված է այդ տողը երգել ԻՐ ՈՐԴԻՔԸ ԱՐԴ ԿԱՆՉՈՒՄ ԵՆ, ու եթե կհայտնվի ընդդիմախոս, ով կբարձրաձայնի, որ վերցված է Միքայել Նալբանդյանի բնօրինակից, ապա կշտապենք հիասթափեցնել, որ բնօրինակում էլ  գրված է ՅՈՒՐ ՈՐԴԻՔԸ ԱՐԴ ԳԱՆՉՈՒՄ Է: Նույն այս հատվածում  Քրիստինե Պեպելյանն էլ երգում է ՅՈՒՐ ՈՐԴԻՔԸ ԱՐԴ ԿԱՆՉՈՒՄ ԵՆ(0:46). եթե յուր որդիքը, ապա արդ կանչում (գանչում) է, այլ ոչ՝ ԵՆ:

Մյուս հատվածում էլ Շուշան Պետրոսյանի կողմից արված «հիանալի» իմպրովիզը (1:50) բառիս բուն իմաստով ջարդում է «երգի» «ողնաշարը», քանի որ «երգի» մեղեդային կառուցվածքն անգամ նման իմպրովիզային լուծումով «կիլոմետրերով» հեռվացնում է լուսահոգի Բարսեղ Կանաչյանի կառուցած մեղեդային կառուցվածքից:

Վերջին «տան» մեջ ՄԱՀԸ ՄԻ Է արտահայտությունը «լավ» ցանկության դեպքում կարելի էր երգել ՄԱՀԸ ՄԻ Է՝ թուլացնելով պատահականորեն ձայնային արտաբերման պատճառով լսվող Յ հնչյունը, այնինչ մեր աստղերը կարծես դիտավորյալ շեշտում են Յ տառը՝ ՄԱՀԸ ՄԻՅԷ(2:12): Չի՛ կարելի:

Այս ամենին հաջորդում է ԲԱՅՑ ԵՐԱՆԻ ՈՐ ՅՈՒՐ ԱԶԳԻՆ (չէէ, ազգին չէ, ազգի, երանի, որ յուր ազգի) և ամենավերջում ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԶՈՀՎԻ արտահայտությունը, որի արտաբերման մեջ այդքան էլ մեծ դժվարություն չպետք է լիներ, պարզվում է, որ իրականում աստղերից ոմանք օրհներգն ընկալում են որպես ԱԶԱՏՈՒԹՅԱՄԲ ԿԶՈՀՎԻ (պարզ լսվում է Բ հնչյունը): Հետաքրքիր է, չէ՞,  մարդ զոհվում է ԱԶԱՏՈՒԹՅԱՄԲ: Ասվածի վառ ապացույցը ոչ միայն  վերջում երկու անգամ (2:28, 2:38) հնչող ԱԶԱՏՈՒԹՅԱՄԲ բառն է, այլև Զարուհի Բաբայանի՝ տեսահոլովակում «երգելու հատվածը», երբ տեսախցիկը շատ պարզ ֆիքսում է (2:38), որ մեր արտիստը  երգում է ոչ թե ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, այլև ԱԶԱՏՈՒԹՅԱՄԲ ….

Սա նրա մասին, որ տեսահոլովակ նկարահանելուց ու «երգ» պատրաստելուց առաջ, երբ մանավանդ խոսքը գնում է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՄԱՍԻՆ, պետք է նվազագույնը անգիր սովորել այն, որն ընդունված է պետականորեն, չ՞է  որ , համենայն դեպս, մեր երիտասարդության որոշ  զանգված (15-18 տարեկան, գոնե) կլինի, ով կլսի այս կատարումը հենց նրանց համար ու իրենց մեջ կտպավորվի նմանօրինակ կատարումը՝ նմանօրինակ  բառերով ու մատուցմամբ: Էլ չասած խրոխտ ոգու բացակայությունն ու հայրենասիրության պակասը, որը զգացվում է այս տարբերակում: Այ հիմա կասեք՝ ինչ մի խորանում են, հա դե տարբերակա էլի, հակադարձելով նշենք, որ ՈՉ, սա էստրադային երգ չէ, սա ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է, որի և՛ բառերը, և՛ երաժշտությունը պարտավոր են հարգել ԲՈԼՈՐԸ, կապ չունի, տվյալ մարդը լավ իմպրովիզ անել գիտե, թե` ոչ:

Իզուր չէր Խորհրդային «կայսրության» սահմանած ռեժիմը. վերահսկել եթեր գնացող ամեն բան, այլ ոչ թե հիմա՝ անվերահսկելի վիճակ, երբ նայում ես կոնկրետ այդ աշխատանքին ու մտածում՝ լավ երկու տասնյակ երգիչներ,«երգի» պրոդյուսերներ, հնչյունային ռեժիսորներ, ռեժիսոր ու ոչ մեկ չի ասում, որ ՀԱՐԳԵԼԻՆԵՐՍ, ՀԱՐԳԵԼ Է ՊԵՏՔ ՕՐՀՆԵՐԳԻ ԱՄԵՆ ՄԻ ՏԱՌԸ, ԱՄԵՆ ՄԻ ՍՏՈՐԱԿԵՏԸ, ԵԿԵՔ ՃԻՇՏ ԵՐԳԵՆՔ… Ուր ենք հասել․ անգամ օրհներգն ենք ինչ ուզում անում…

 

Հովհաննես Մնացականյան  (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0