a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայացվեն Քոչարի գործունեության փարիզյան և երևանյան շրջանի ստեղծագործությունները

11905407_943256205741456_3299000845685555885_o

Ս․թ․ սեպտեմբերի 10-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը, որն իր մեջ ներառում է գեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչության օրինակներ: Ցուցահանդեսը կազմակերպում է Հայաստանի ազգային պատկերասրահը Երվանդ Քոչարի տուն – թանգարանի հետ համատեղ։
ՀԱՊ  հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած տեղեկատվության համաձայն՝ ցուցահանդեսին ներկայացվելու են Քոչարի գործունեության փարիզյան և երեւանյան շրջանի ստեղծագործությունները, երևանյան շրջանի գերակշռող հատվածով։

Փարիզյան շրջանից (1923-1936) ցուցահանդեսում ներառված են մի շարք գործեր, այդ թվում` 1925 թ. «Ընտանիք սերունդներ» ստեղծագործությունը: Արվեստագետը ստեղծագործության ավանդական բովանդակությանը տվել է խոր իմաստ` հանգելով այն կարևոր մտքին, թե ընտանիքը մարդկության մի հանգույցն է, որի զորությունը սերունդների առողջ հաջորդականության մեջ է: Այս շրջանի աշխատանքներից ներկայացված են նաև «Հարություն» 1923 թ., «Տեսիլք. Քրիստոսն ու Մարիամ Մագդաղենացին» 1924 թ. և շատ այլ ստեղծագործություններ:
Փարիզում Քոչարին լայն ճանաչում բերեցին նրա «տարածական նկարչության» նմուշները, որոնցում նա փորձել է նկարչությունը դնել ոչ միայն տարածական, այլև ժամանակային չափման մեջ` առաջարկելով քանդակագործության ու գունանկարի համադրման, ներդաշնակ սինթեզի սեփական տարբերակը: Սույն ցուցահանդեսում տարածական նկարչությունից ներկայացված աշխատանքներն են՝ «Առաջին մեղսագործություն» 1927 թ., «Տոտեմ» 1929 թ., «Երևան – Էրեբունի» 1968 թ.
Երևանյան (1936-1979) շրջանի գործերում հատկանշական են հայկական էպոսի` «Սասունցի Դավթի» նկարազարդումները: Անցյալի հերոսականության հանդեպ իր վերաբերմունքի արտահայտությամբ ստեղծած այս նկարազարդումները դարձել են հայ նկարչության հիանալի նմուշներ: Դրանք ոչ միայն հայ գրքային արվեստի ստեղծագործություններ են, այլև գրաֆիկական ինքնուրույն արժեք ներկայացնող գլուխգործոցներ:
Ցուցահանդեսում ներառված են ստեղծագործություններ, որոնք նվիրված են հայ մեծերին` Սայաթ-Նովա, Կոմիտաս, Ոսկան Երևանցի, Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Դերենիկ Դեմիրճյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան :

Հայ խորհրդային նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թ. Թիֆլիսում շուշեցի Սիմեոն և Ֆեոկլա Քոչարյանների ընտանիքում։ 1918–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918–ին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում, 1918–ին՝ Մոսկվայի պետական ազատ գեղարվեստական արվեստանոցում Պյոտր Կոնչալովսկու դասարանում։ 1919–ին վերադառնալով Թիֆլիս, մասնակցում է «Վրաց նկարիչների աշնանային երկրորդ ցուցահանդեսին»։ 1921–ին Քոչարը գեղանկարչության պրոֆեսոր էր և մինչև Փարիզ մեկնելն արդեն համբավավոր նկարիչ։ 1922-ին Քոչարը Կ. Պոլսում էր։ Հաջորդ հանգրվանը Վենետիկն էր, որտեղ երիտասարդ արվեստագետն ուսումնասիրում է Ս. Ղազարի մատենադարանի մանրանկարչական հարուստ հավաքածուն, ծանոթանում հռոմեական և Վերածննդի շրջանի արվեստի գանձերին։

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 10-ը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0