a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել Ստամբուլի 14-րդ բիենալեում

1041 (1)

Ստամբուլի ժամանակակից արվեստի 14-րդ բիենալեում Հայկական ծրագրի շնորհանդեսը դարձավ բիենալեի բացման նշանակալի իրադարձություններից մեկը: Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը։
Ստամբուլի 14-րդ բիենալեի շրջանակում Հայկական ծրագրի ներկայացման գաղափարը պատկանում էր բիենալեի համակարգող Քերոլին Քրիստով-Բակարգիեւին, ով շնորհանդեսի ժամանակ ընդգծեց Թուրքիայում հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ քննարկումների կարեւորությունն ու արդիականությունը:

Dilijan Art Initiative նախագծի աջակցությամբ Քերոլին Քրիստով-Բակարգիեւը միավորել էր ինչպես հայ եւ թուրք, այնպես էլ հայկական սփյուռքից եւ ամբողջ աշխարհից նկարիչների, ովքեր իրենց աշխատանքներում արծարծել են Հայոց ցեղասպանության թեման:

1040

«Dilijan Art Initiative-ի աջակցությունը մեզ հնարավորություն տվեց բիենալեում ներկայացնել Հայոց ցեղասպանության սարսափներն ապրած՝ աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիր Արշիլ Գորկու, մեդեռնիստ եւ աբստրակցիոնիզմում նոր ձեւեր ստեղծող, լիբանանցի նկարիչ Փոլ Գիրակոսյանի (ում մայրը նույնպես փախչել էր արհավիրքներից) գործերը, ինչպես նաեւ հրաշալի քանդակագործ Սոնա Բալասանյանի աշխատանքներն ու Աննա Բողիգյանի փիլիսոփայական ինստալացիաները»,-շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Քրիստով-Բակարգիեւը:

Dilijan Art Initiative նախագիծը հովանավորել է ոչ միայն հայազգի նկարիչների: «Մենք նացիոնալիստներ չենք, մենք ինտերնացիոնալիստներ ենք, ընդգրկում ենք ողջ Տիեզերքը: Dilijan Art Initiative նախագծի աջակցությամբ ստեղծվել է Ֆրանսիս Ալիսի «Անիի լռությունը» սեւ-սպիտակ հրաշալի ֆիլմը, Մայքլ Ռակովիցի եւ Քրիստինա Բուխի բարդ ինստալացիաները»,-նշել է բիենալեի համակարգողը:

Dilijan Art Initiative-ը IDeA հիմնադրամի նոր նախագիծն է, որի նպատակը Դիլիջան քաղաքի՝ որպես մշակութային եւ կրթական կենտրոնի զարգացմանը նպաստելն է: Նախագծի իրականացման մեկնարկը նախատեսվում է 2016 թվականից: Այն ենթադրում է մի շարք հարթակների ստեղծում, որոնք ոգեշնչող ազդեցություն կունենան գիտական եւ ստեղծագործական հետազոտությունների համար՝ շեշտը դնելով Արեւմուտքի եւ Արեւելքի միջմշակութային երկխոսության վրա:

Նկարիչներին, արվեստագետներին եւ հյուրերին նախագիծը ներկայացրեցին արտ-համակարգող Վադիմ Գրիգորյանն ու IDeA հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

«Արվեստի յուրօրինակ լեզուն հասկանալի է ողջ աշխարհի մարդկությանը: Մենք հավատում ենք միջմշակութային երկխոսության կարեւորությանը: Դիլիջանում, օրինակ, 2014 թվականից գործում է UWC Dilijan College-ը, որտեղ սովորում են ուսանողներ աշխարհի 64 երկրից եւ որն արդեն ինտերնացիոնալ փոխգործակցության հարթակ է հանդիսանում: Dilijan Art Initiative նախագիծը համընդհանուր փոխըմբռնման խորացմանն ուղղված եւս մեկ հարթակ կդառնա»,-հայտարարել է Վերոնիկա Զոնաբենդը:

Ստամբուլի 14-րդ բիենալեն կգործի մինչեւ 2015 նոյեմբերի 1-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0